Ապրիլյան պատերազմից տուժածների համար տարվող աշխատանքները բավարար են. Արտեմ Ասատրյան
Եվ Հայաստանի կառավարությունը, և ԼՂՀ կառավարությունը ներկայացրել են ծրագրեր ու պատրաստակամություն են հայտնել քառօրյա պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերը լքած քաղաքացիներին ապահովել բնակարաններով, առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և հավելեց.
«Այդ ուղղությամբ շատ առարկայական աշխատանքներ արդեն իսկ տարվում են»:
Պաշտոնյայի խոսքով, այն քաղաքացիները, որոնք ապրում էին Ստեփանակերտում, մասնավորապես, հյուրանոցներում, վերադարձել են կամ իրենց բնակավայրեր կամ Արցախի այլ բնակավայրեր:
«Դրանք տրամադրվում են սիրով: Բնականաբար, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար են, որ մեր քաղաքացիները իրենց հիմնական խնդիրը` կեցավայրի հարցը և կենսագործունեության ապահովման ուղղությամբ բավարար պայմաններ ունենալով գնան և բնակվեն», -հավելեց նախարարը:
Դիտարկմանը, թե կան նաև Հայաստանում ապաստանած թալիշցիներ, նրանց հետ կապված ի՞նչ եք ծրագրում, Ասատրյանը արձագանքեց. «Իրենց էլ է վերաբերում այդ առաջարկությունը»:
Նկատենք, որ ապրիլյան պատերազմի հետևանքով Հայաստանի տարբեր բնակավայրերում ապաստանել էին հարյուրավոր մարդիկ, ովքեր Թալիշում, Մատաղիսում կորցրել էին իրենց բնակարանները: