Հայաստան-ԵՄ վերջնական փաստաթղթի համար ժամկետներ չկան. Կարեն Նազարյան
«Ի՞նչ խնդիր ուներ Եվրոպական միության դեսպանը Հայաստանում նման հայտարարություն անելու: Ընդհանրապես, շատ դեսպաններ են խոսել Ասոցացման համաձայնագրի շուրջ հայկական կողմի հարուցած ինչ-ինչ դժվարությունների մասին», -այսօր 2015 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանին նման հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նկատենք, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի հետ նոր պայմանագրի շուրջ քննարկումներում կան որոշակի բարդություններ:
«Կան բարդ հարցեր, սակայն ես շատ լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ ինչպես հայկական կողմում, այնպես էլ եվրոպական կողմում տեսնում եմ դժվարությունները հաղթահարելու կամք», - նշել էր Սվիտալսկին:
Նազարյանն ասաց, որ կանխատեսում էր նման հարցադրում, քանի որ մամուլն արդեն իսկ ողողված է Հայաստանում ԵՄ դեսպանի հայտարարություններով: Այնուհետև նշեց, որ համաձայն միջազգային բանակցային փորձի և ավանդույթի՝ պայմանագրերերի բանակցային գործընթացներն ապահովելու համար որոշակի զգուշավորություն բոլոր կողմերը ցուցաբերում են:
«Չգիտեմ` ինչ բարդությունների մասին է խոսում պարոն Սվիտալսկին, որովհետև բնական է որ բանակցային գործընթացի ժամանակ կարող են լինել տարբերակված մոտեցումներ ու մեկնաբանություններ այս կամ այն դրույթի վերաբերյալ: Չեմ կարող բացառել, որ առհասարակ նման հայտարարությունները կարող են օգտակար լինել բանակցային գործընթացին, որովհետև առեղծվածային ոչինչ չկա, բակացությունների ավարտից անմիջապես հետո փաստաթուղթը կլինի հանրային սեփականություն, կդրվի կայքում և բոլորը կարող են ծանոթանալ: Այս պահին խոսել բանակցային գործընթացի զարգացումների, կամ բովանդակային հարցերի մասին՝ վստահ չեմ, որ կարող է վնասել հանրային շահերին»,- հավելեց Կարեն Նազարյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին տեղյակ է փաստաթղթի բոլոր դրույթներին:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդեց. «Չի՞ փորձել ՀՀ արտգործնախարարությունը հրավիրել ԵՄ դեսպանին և հասկանալ` միգուցե խնիրներ կան, որոնց արժի անդրադառնալ»:
Նազարյանն արձագանքեց, որ դեռ առիթներ կունենան հանդիպել Սվիտալսկու հետ և խոսել, հասկանալ նրա մտահոգությունները:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող նոր իրավական փաստաթղթի ընդունման ժամկետներին, ապա փոխնախարարը նշեց, որ բանակցություների մեկնարկի ժամանակ, ինչպես Ֆեդերիկա Մոգերինիի, այնպես էլ Նալբանդյանի կողմից նշվել են, որ հստակ ժամկետներ չեն դրվում՝ ճնշում չգործադրելու համար բանակցային թիմերի համար:
«Խոսքը գնում է խելամիտ ժամկետների մասին և ամեն ինչ կախված կլինի բանակցությունների դինամիկայից»,-հավելեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան