Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ.
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ մրցանակակիրներ,
Ուրախ եմ ձեզ ողջունելու Նախագահի նստավայրում՝ այս կարևոր մրցանակաբաշխությանը ձեր մասնակցության առիթով:
Պողոսյան ընտանիքի օժանդակությամբ մենք շարունակում ենք ամեն տարի հրապարակավ խրախուսել հիմնարար աշխատանքը, մատնացույց անել լուսավորը, մնայունն ու արժեքավորը: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր լուրջ աշխատանք պետք է ճանաչվի ու գնահատվի: Այս մրցանակի ծրագիրն էլ ստեղծվել և իրականացվել է հենց այդ տրամաբանությամբ:
Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է: Իսկ դուք, սիրելի՛ մրցանակակիրներ, վստահ եմ, որ կանգ չեք առնելու և չեք բավարարվելու ձեր կատարած աշխատանքով ու ձեռքբերումներով: Իմ միակ ցանկությունն է, որ այս մրցանակը լինի ձեր կատարած աշխատանքի ճանաչման միայն սկիզբը: Հուսով եմ, որ կհաջորդեն ձեր նոր ստեղծագործական թռիչքները, որոնք կարժանանան միջազգային ճանաչման:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը: Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը:
Խոսքս ամփոփելով՝ անշուշտ պետք է շեշտեմ Պողոսյան ընտանիքի նշանակալի ներդրումն այս ծրագրի իրականացման մեջ: Սա կարևորագույն մի ուղևորություն է, որը մենք միասին ենք սկսել և, իրար նեցուկ կանգնելով, հաջողությամբ շարունակում ենք:
Սիրելի՛ դափնեկիրներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նոր ստեղծագործական եռանդ ու ձեռքբերումներ:
Շնորհակալություն»: