Դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի նվազումը ռեկորդային է
Թուրքիա հանգստանալու մեկնած զբոսաշրջիկների թիվը վերջին 17 տարիների ընթացքում նվազել է ռեկորդային չափով՝ 28.1 տոկոսով: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության հրապարակած վիճակագրությունը: Տուրիստական ներհոսքի նվազման պատճառ են դարձել Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը:
Այսպես. ապրիլ ամսվա ընթացքում Թուրքիա է այցելել 1.8 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը մոտ 700 հազարով քիչ է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Ռուսաստանը բացարձակ առաջատար է այն երկրների թվում, որի քաղաքացիները հրաժարվել են այդ երկրում հանգստանալուց: Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը նվազել է 79.3 տոկոսով՝ 150 հազարից հասնելով 31 հազար մարդու:
Սա պայմանավորված է Ռուսաստանից դեպի Թուրքիա չարթերային թռիչքների չեղարկումով և Ռուսաստանի իշխանությունների կողմից տուրիստական գործակալությունների նկատմամբ սահմանված արգելքով, որով չի թույլատրվում վաճառել զբոսաշրջային փաթեթներ դեպի Թուրքիա:
Գերմանիայից զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա կրճատվել է 35 տոկոսով, Մեծ Բրիտանիայից՝ 24 տոկոսով, Հունաստանից՝ 27 տոկոսով, Իտալիայից՝ 55 տոկոսով, Ճապոնիայից՝ 42 տոկոսով: Միայն Վրաստանից և Ուկրաինայից է զբոսաշրջիկների հոսքի ավելացում գրանցվել՝ համապատասխանաբար 28 և 34 տոկոսով:
«Reuters» գործակալության հաղորդմամբ՝ սա Թուրքիայի համար 1999թ-ից սկսած զբոսաշրջության ցուցանիշի կրճատման ռեկորդային մակարդակ է: Զբոսաշրջիկների ներհոսքը Թուրքիա կրճատվում է իններորդ ամիսն անընդմեջ:
Այլ երկրներից ժամանող տուրիստների քանակի նվազումն էլ պայմանավորված է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությամբ, որի թիրախը հենց զբոսաշրջիկներն էին: 2016թ-ի հունվարին Ստամբուլի պատմական կենտրոնում կատարված ահաբեկչության զոհ դարձան 12 գերմանացի զբոսաշրջիկներ:
Այդուհանդերձ գերմանացի զբոսաշրջիկները իրենց թվով առաջինն են Թուրքիա ժամանող արտասահմանցիների մեջ: 2016թ-ի առաջին քառորդում Թուրքիա է ժամանել 730 հազար գերմանացի, 2-րդ տեղում վրացիներն են՝ 615 հազար հոգով, իսկ 3-րդում՝ իրանցիները, որոնց թիվը կազմել է 561 հազար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին