Բաբաջանյանը նորմալ դիրքով է նստած, մարշալին վայել. Կամո Արեյան
«Արձաններն այդպիսի ճակատագիր ունեն. առաջին տեղադրումից հետո սկսում են անուներ տալ, հետո մարդիկ սկսում են սիրով հաշտվել այդ արձանի հետ ու մտերմանում են», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նա հիշեցրեց Առնո Բաբաջանյանի արձանը, որը երբ տեղադրվեց, մարդիկ դժգոհեցին, չէին ընդունում, բայց հիմա ուրիշ է:
«Եթե նայել եք, հիմա Առնո Բաբաջանայնի հետ ամեն օր երեխաներ են նկարվում», -նկատեց քաղաքապետարանի պաշտոնյան: Նրա խոսքով, արձանի էֆեկտն այն է, որ մարդիկ հաղորդակից լինեն դրանց հետո: Իսկ այդպիսիք, ըստ պաշտոնյայի, Երևանում շատ են:
Անդրադառնալով հասարակության բողոքին արժանացած մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանին, որը տեղադրվեց վերջերս, Ավան վարչական շրջանում, Կամո Արեյանն ասաց, որ այն «մեր ազգի հպարտությունն է»:
Դիտարկմանը, թե կա տեղեկություն, որ Բաբաջանյանը կոտորել է հունգար ժողովրդին, Արեյանն ասաց, որ այդ մասին ինքը տեղյակ է ու հավելեց. «Բաբաջանյանը մեր ազգի պարծանքն է: Շատ եմ նրան հարգում: Հպարտ եմ, որ որպես հայ, ունեմ Համազասպ Բաբաջանյանի նման մարդ: Հպարտ եմ: Խորհուրդ կտամ՝ բոլորդ հպարտությամբ նայեք Համազասպ Բաբաջանյանին»:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտար հունգար ժողովրդին, Արեյանն արձագանքեց. «Հունգար ժողովրդին խորհուրդ կտամ Ռամիլ Սաֆարովին հետ բերեն»:
Հարցին, թե հնարավո՞ր է Սաֆարովին ազատ արձակելու պատասխանն էր Բաբաջանյանի արձանի տեղադրումը, Արեյանը բացասական պատասխան տվեց:
«Իմ պատասխանը համարեք սպառիչ. հունգարիներին նորից կնվիրեմ մի հատ Ռամիլ Սաֆարով: Եկեք չխառնենք Բաբաջանյանի սուրբ անունը դրա հետ»:
Ընդհանուր առմամբ, արձաններին, ըստ պաշտոնյայի, մարդիկ սկզբում վատ են վերաբերվում, հետո ընտելանում են: Բայց արձանն ընդունել-չընդունելը, փոխքաղաքապետի խոսքով, նաև ճաշակի հարց է:
«Շատերն ուզում են արձանով հենց այդ մարդուն պատճենահանված տեսնել, երբեմն քանդակագործները դնում են իրենց ֆանտազիան, իսկ իմ կարծիքով ցանկացած արձան դեմքով, պետք է ասի, թե ով է տվյալ անձը», -հավելեց նա:
Դիտարկմանը, թե Բաբաջանյանի արձանը նմանեցնում էին քրեական հեղինակության հետ՝ իր նստելու, կեցվածքի առումով, Արեյանը պատասխանեց. «Ոչ, ոչ: Շատ բան են ասում: Բաբաջանյանը նորմալ դիրքով է նստած, իրեն վայել , մարշալին վայել: Նա շատ ազդեցիկ, չափազանց խստաբարո մարդ է եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան