Ամբողջ աշխարհում թմրամիջոցների չարաշահումը աճում է, սակայն ոչ մի երկրի՝ բացառությամբ Շվեդիայի, չի հաջողվում կանգնեցնել այդ աճը
Երևանում այսօր մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ:Ինչպես խորհրդակցության բացմանն ասաց Նիկոլայ Բորդյուժան, սա արդեն թվով 5–րդ նստաշրջանն է և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ արդյունավետ, լուրջ արդյունքներ են տարվում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համագործակցության տարբեր ուղղություններ կան և այս խորհրդակցության նպատակը հենց հետագա քայլերի հստակեցումն է, ծրագրերի քննարկումը: «Շատ կարևոր և օգտակար աշխատանք է, որի նպատակն է մշակել թմրամիջոցներից կախվածության, թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործման դեմ պայքարի համակարգ: Այսօրվա խորհրդակցության ընթացքում տեղեկատվության փոխանակումը վկայում է, որ շատ արդյունավետ քննարկում է ծավալվում»,- նշեց նա:
ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ- հոգեբույժ Եվգենի Բրյունը և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը ևս կարևորեցին այս արդյունավետ համագործակցության շարունակականությունը: «Մեր գլխավոր նպատակներից մեկը պահանջարկի նվազեցումն է: Եվ այս խորհրդակցությունը հենց փորձի փոխանակման, լավագույն մեթոդների, վերականգնողական բուժումն է: Այս չարիքը նվազագույնի հասցնելու համար»,- ընդգծեց Եվգենի Բրյունը:
ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի» ղեկավար Պետրոս Սեմերջյանը նշեց, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է թմրամիջոց օգտագործողների թիվը, բացի այդ վերջին տարիներին ավելի շատ թմրամիջոց օգտագործողների են հայտնաբերում:
Նրա խոսքերով՝ բոլոր ժամանակներում էլ մարդիկ թմրամիջոց օգտագործել են, աշխարհում ոչինչ չի փոխվել և մարդիկ այսօր էլ շարունակում են թմրամիջոց օգտագործել՝ ակնկալելով հաճույք ստանալ: « Նախ հաճույք, հետո՝ տանջանք, ցավ, հիվանդություն, արագ ծերացում ու մահ: Ինչպես անգլիական գրականությունում թմրամոլներին են բնութագրում ՝ նրանք մահանում են երիտասարդ տարիքում,սակայն՝ ծերունի»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում թմրամիջոցների չարաշահումը աճում է, սակայն ոչ մի երկրի՝ բացառությամբ Շվեդիայի, չի հաջողվում կանգնեցնել այդ աճը: «Միայն Շվեդիան է հայտարարել, որ կարողանում է արդյունավետ պայքարել թմրամիջոցների դեմ »- նշեց ՀՀ գլխավոր նարկոլոգը:
Այդուհանդերձ, ըստ Պետրոս Սեմերջյանի, եթե համեմատեն ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև հարևան երկրների հետ, ապա Հայաստանն այդ առումով գտնվում է ամենաբարվոք վիճակում:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այսօր Հայաստանում հաշվառված է 5828 ապօրինի թմրամիջոց օգտագործող, որից 86-ը՝ կին, 3-ը՝ դեռահաս:
Նշենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրապարակած ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ 2015 թվականի ազգային զեկույցի համաձայն՝ նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցների գործածման համար հաշվառված անձանց թիվը 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 հազար 357: 2009-ից սկսած հաշվառված անձանց թիվը կայուն աճ է գրանցել` 2014-ին աճելով շուրջ 3 անգամ: Անձանցից 3 հազար 223-ը կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ օգտագործողներն են, 2132 անձ` ափիոնատիպ նյութեր, 2 անձ` կոկաին:
Հաշվառվածների մեջ գերակշռում են 28-49 տարեկան անձինք՝ 70.1 տոկոս, 50-64 տարեկանները կազմում են 17.9 տոկոս, 19-27 տարեկանները 11.3 տոկոս են, 65 տարեկանից բարձր անձինք 0.5 տոկոս են ամբողջի մեջ, մինչև 18 տարեկանը ներառող անձինք 0.1 տոկոս: Կանանց դեպքում 28-49 տարեկանները կազմում են 33 տոկոս, 19-27 տարեկանները` 20 տոկոս, 50-64 տարեկանը ` 43 տոկոս, 64-ից բարձր կանայք` 4 տոկոս: 2014 թվականին թմրամիջոց օգտագործելու կապակցությամբ նարկոլոգիական ծառայությունների կողմից առաջին անգամ հաշվառվել է 545 անձ, որից 17-ը` կին: Նրանց մեջ ևս գերակշռում են 28-49 տարեկանները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում