Արտաշատում հայտնաբերված խճանկարները տեղափոխվելու և ցուցադրվելու են թանգարանում
Արտաշեսյան թագավորների Արտաշատ մայրաքաղաքում դեռևս 2003 թվականից սկսված պեղումների ժամանակ հայտնաբերվել էին ուշ հռոմեական շրջանին բնորոշ բաղնիքներ՝ խճապատ հատակներով: Հայտնաբերումից հետո դրանք կրկին ծածկվել են: Այսօր արդեն կա ծրագիր, ըստ որի պահպանված խճանկարները պետք է տեղափոխվեն, ամբողջացվեն ու ցուցադրվեն:
Panorama.am-ի հետ զրուցում ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավեստիյանն ասաց, որ հայտնաբերված խճապատ հատակների մի մասը լավ են պահպանվել, բայց մեծ մասը ավերված են, խաթարված, քանի որ միջնադարում, ուշ միջնադրում այդտեղ մարդիկ են ապրել:
«Որպեսզի Արտաշատում բացված խճանկարները պահպանվեն, պետք է այդ հատվածից տեղափոխվեն: Քանի որ գտնվում է Արաքսի ափին, խճանկարների հատակը տակի մասից խոնավանում է, ինչը կբերի հենց խճանկարների քայքայման: Եթե միջոցներ չձեռնարկվեն, ինչ պահպանվել է, որոշ ժամանակ անց դա էլ կվերանա»,- ասաց նա:
Ըստ Պ.Ավետիսյանի, մշակույթի նախարարությունը մշակել է ծրագիր, պետությունը գումար է առանձնացրել խճանկարները հանելու, համապատասխան արհեստանոց բերելու, հավաքելու, վերականգնելու, ամբողջացնելու համար, վերջում ցուցադրվելու է թանգարանում:
«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախագծային, նախահաշվարկային փուլում ենք: Պետք է հայտարարվի մրցույթ: Միայն մասնագիտացված խումբը կարող է աշխատել: Կհաղթի նա, որ նորմալ առաջարկ կանի՝ համապատասխան ժամանակակից մեթոդներին: Մեկ-երկու ամսից ակնհայտորեն աշխատանքները կսկսվեն: Պետք է հնագետների հետ միասին աշխատեն»,- մանրամասնեց նա:
Խճանկարները թվագրվում են 2-րդ դարի վերջով, 3-րդ դարի սկզբով: Գրեթե նույն ժամանակաշրջանում են ստեղծվել, ինչ Գառնիի բաղնիքի խճանկարները: Պ.Ավետիսյանի խոսքով, Արտաշատի բաղնիքի խճանկարների և Գառնիի խճանկարների թեմատիկան տարբեր են:
Նշենք, որ Արտաշատի կառուցման ժամանակի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Արտաշատի հիմնադրման ամենահավանական ժամանակը կարելի է համարել մ. թ. ա. 189-188 թթ.:Արտաշատի պեղումները հնարավորություն են տվել ուսումնասիրել Հայաստանի անտիկ շրջանի քաղաքաշինությունը:
Լուսանկարները՝ armenianart.org կայքից: