«Ֆորմուլա-1»-ը Բաքվում անցկացնելը խայտառակություն է. Դավիթ Բաբայան
«Իրավիճակը սահմանին նորմալ է: Հիմա շատ ավելի հանգիստ է»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ կրակոցներ լինում են, զինադադարի ռեժիմի խախտումներ կան, սակայն քանակական և որակական առումով անհամեմատելի է այն իրավիճակի հետ, որ կար վերջին երկու տարվա ընթացքում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, միգուցե Բաքվում կայանալիք «Ֆորմուլա-1» մրցաշարով, Դ. Բաբայանն ասաց, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը Բաքվում պարզապես խայտառակություն է:
«Բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, նման քաղաքականությամբ միջազգային հանրությունը, մի շարք քաղաքակիրթ պետություններ թև են տալիս ագրեսորին: Մի պետություն, որտեղ փակվում է «Ազատություն» ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ քնած հայ սպային սպանողին դարձնում են ազգային հերոս, ազգային հերոսներ են դարձնում նրանց, ովքեր խոշտանգում են դիակներ, տարեց մարդկանց, զինծառայողի գլուխը կտրած ցույց են տալիս գյուղերով մեկ, և նման երկրում անցկացվում են առաջին համաեվրոպական օլիմպիական խաղերը, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումը, բնական է, պարզապես խայտառակություն է, նա էլ թև է ստանում, սկսում է ագրեսիվ քաղաքականություն վարել: Եթե այդ միջոցառման անցկացման ընթացքում մի քիչ իրեն զսպված է պահում, դա այնպիսի դոփինգ է տալիս ագրեսորին, հանցագործին, այնուհետև շատ դժվար է լինում նրան զսպել: Այս քառօրյա պատերազմը նաև ինչ-որ ձևով նման քաղաքականության հետևանք է»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Դ. Բաբայանի խոսքով, որոշ պետություների ներկայացուցիչներ, օրինակ Իսպանիայի նախկին ԱԳ նախարարը, Գերմանիայի, Ֆրանսիայի պատգամավորներ, հայտարարում են, որ Ադրբեջանը քաղաքակրթությունների բնօրրան է, հանդուրժող է:
«Դեմ ենք, որպեսզի միջազգային հանրությունը նման քայլեր կատարի: Դա նաև ինչ-որ ձևով լակմուսային թուղթ է: Թող բոլորն իմանան՝ եթե սատարում են ահաբեկչությանը, ահաբեկչությունը գալու է իրենց տուն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան