Արա Վարդանյան. Արցախում այս պահի դրությամբ արդեն իսկ կառուցվում է 22 տուն
«Արցախում այս պահի դրությամբ արդեն իսկ կառուցվում է 22 տուն, ևս տաս տան մրցույթ կհայտարարվի ամռանը: 32 տուն հաստատ կառուցվելու է, հնարավոր է ավելացնենք քանակը»,- նախքան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրվել էր 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը ուղղվել է Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:
Ա. Վարդանյանն ասաց, որ բոլորը տիպային տներ են, մոտ 100 քմ տարածքով, երեք սենյականոց, այսինքն՝ ավելի ընդարձակ, քան ապրում են այդ ընտանիքները: Նախագծված են ԼՂՀ-ում: Ամբողջությամբ կահավորված են լինելու:
Նա նշեց, որ տները կառուցվում են հենց այն վայրերում, որտեղ մինչև այդ բնակվել են այդ ընտանիքները, ովքեր պետք է տեղափոխվեն:
Ա. Վարդանյանի խոսքով, Արցախում 200-ից ավելի հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիք կա. «Ասել, որ ամբողջությամբ հարցն ի վիճակի ենք այս պահին լուծել, իհարկե, չենք կարող: Չեմ բացառում, որ ծրագիրը շարունակվի որպես հիմնադրամի առանձին ուղղություն, մի քանի տարում կկարողանանք ապահովել այդ ընտանիքներով տներով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան