Վստահ եմ, որ Գյումրին իր տեխնոլոգիական նորարարություններով աշխարհին դեռ զարմացնելու է. Ամալյա Եղոյան
«Հավատալ և իրականացնել, չսպասել, որ ուրիշը քո փոխարեն իրականացնի քո երազանքները». սա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի կարգախոսն է, ում կյանքը միաձուլվել է տեխնոլոգիական ոլորտի հետ 2006 թվականից:
Ամալյան մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը: 2006թ.՝ ինստիտուտի վերջին կուրսում ընդունվեց աշխատանքի Գյումրիի ՏՏ կենտրոնում՝ որպես ղեկավարի օգնական: Առանձնապես մեծ հույսեր չուներ, որ այս ոլորտում կհաջողեր, սակայն հարցազրույցների հաջող փուլից հետո հրավիրեցին աշխատանքի:
Սկզբում համակարգելու էր կրթական ծրագրերը՝ ուսանող-դասախոս կապը, դասացուցակները, քննությունների ընթացք և այլն: Բայց մոտ 1 շաբաթ աշխատելուց հետո որոշեց, որ այլևս չի գնալու, որովհետև ոլորտը խորթ էր և անհասկանալի: Սակայն կենտրոնի հիմնադիրներից մեկի քաջալերմամբ մնաց կենտրոնում, սկսեց որպես ադմինիստրատիվ ասիստենտ, 6 ամիս անց նշանակվեց կրթական ծրագրերի պատասխանատու, որոշ ժամանակ անց՝ փոխտնօրեն, իսկ այնուհետև՝ գործադիր տնօրեն:
Panorama.am.- Ամալյա, քո գործունեությունը կապված է Գյումրու տեխնոլոգիական ոլորտի հետ, դու զարգացումների ու իրադարձությունների կենտրոնում ես, և հետաքրքիր է իմանալ` ի՞նչ տեխնոլոգիական զարգացումներ են ընթանում Գյումրիում, ոլորտը զարգացման ինչ փուլում է գտնվում:
Ամալյա Եղոյան.- Ներկայում Գյումրիում գործունեություն է ծավալում 30 ընկերություն, որոնցից միայն 24-ը տեղակայված են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ): Յուրաքանչյուր ընկերությունում աշխատում է մոտ 10 աշխատակից: Այժմ Գյումրիում ՏՏ ոլորտում աշխատատեղերի մրցունակություն է, երիտասարդներն ավելի շատ են ձգտում սովորել ծրագրավորում: Գյումրին տեխնոլոգիական վերելք է ապրում, ոլորտը զարգացման այն փուլում է, որ փոքր ու միջին բիզնեսները կարևորում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրենց արտադրանքի կամ ծառայությունների վաճառքի մասշտաբների մեծացման հնարավորությունները, այլև սկսում են օգտվել այդ ծառայություններից։
Panorama.am.- Ի՞նչ փոխեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը գյումրեցու կյանքում:
Ամալյա Եղոյան. - 2010թ-ին երբ նոր էր քննարկվում տեխնոպարկի ստեղծումը, գյումրեցիներից շատերը կարծում էին՝ տեխնոպարկը լինելու է մի վայր, որտեղ ընդամենը կախարդական փայտիկի օգնությամբ բարձր աշխատավարձ վճարող ընկերություններ են ստեղծվելու, և քաղաքում անմիջապես լուծվելու են գործազրկության խնդիրները։
Բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի տեղացիների ակնկալիքները համապատասխանեն տեխնոլոգիական կենտրոնի իրական հնարավորությունների և առաջարկների հետ: Կենտրոնը միջավայր է, որն իր ենթակառուցվածքով, շենքային և տեխնիկական պայմաններով հնարավորություն է ստեղծում մեկտեղել այն մարդկանց, ովքեր համապատասխան ունակությունների ու ցանկությունների շնորհիվ կարող են նորարար և հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ առաջարկել, դեպի Գյումրի ուղղորդել թե օտարերկրյա ներդրողներին, թե տեղական ընկերություններին, ինչի արդյունքում էլ աշխատատեղերի հնարավորություն կստեղծեն մեր քաղաքում։
Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում է շատ կարևոր գործառույթ, որի կարիքը մինչև ԳՏԿ-ի գոյությունը զգացել ենք բոլորս: Հիմա ստեղծվել է կրթություն-պրակտիկա-աշխատաշուկա կապը, ինչը հնարավորություն է տալիս գյումրեցի երիտասարդին մեկ հարկի տակ ստանալ կրթություն, ապահովվել աշխատանքային պրակտիկայով և վերջապես ստանալ աշխատանք:
Panorama.am.- Գյումրին միշտ հայտնի է եղել որպես Հայաստանի մշակութային քաղաք, կարո՞ղ ենք ներկայիս զարգացումներից ելնելով ասել, որ այսօր Գյումրին տեխնոլոգիական քաղաք է:
Ամալյա Եղոյան. - Գյումրին առկա բոլոր հնարավորությունների և արդեն փաստացի արդյունքների շնորհիվ կարող է համարվել Տեխնոլոգիական քաղաք։ Երիտասարդների բացառիկ ուղեղների, մտքի ճկունության, ստեղծագործական և ոչ ստանդարտ մտածելակերպի, աշխատասիրության ու անկոտրում պայքարի շնորհիվ Գյումրիում արդեն իրենց մասնաճյուղերն են հիմնում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները, որոնք ոչ միայն երիտասարդներին մոտիվացնում են մնալ և աշխատել մեր հարազատ քաղաքում, այլև իրենց ազդեցությունն են ունենում միջավայրի, մտածելակերպի ձևավորման վրա՝ նպաստելով նաև քաղաքում մշակութային և ժամանցային կյանքի աշխուժացմանը։ Հետևաբար, մեր ուսանողների ու երիտասարդների համար տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելով, ինչպես նաև մշակութային հաստատություններին տեխնոլոգիական լուծումներ տալով, փորձում ենք ամրապնդել մշակույթ-տեխնոլոգիա կապը, քանի որ ինչպես մշակույթի, այնպես էլ տեխնոլոգիական լուծումների հիմքում ստեղծագործ միտքն է և ճկուն մտածելակերպը: Ուստի պատահական չէ, որ հենց մշակութային հարուստ պատմություն ունեցող քաղաքում առաջին անգամ Երևանից դուրս տեխնոլոգիական պատմության կերտման սկիզբ դրվեց։
Panorama.am. - Ապագայի ի՞նչ ակնկալիքներ կան, գյումրեցիները դեռ ինչո՞վ կզարմացնեն տեխնոլոգիական աշխարհին:
Ամալյա Եղոյան. - Ապագայում ակնկալում ենք, որ այն երիտասարդները, ովքեր սովորում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ոչ թե ձգտեն ինչ-որ ընկերությունում աշխատանք գտնել, այլ հենց իրենց նախաձեռնությամբ սկսնակ ընկերություններ ստեղծեն։ Վստահ եմ, որ Գյումրին աշխարհին դեռ զարմացնելու է իր բացառիկ լուծումներով ու տեխնոլոգիական նորարարություններով այնպես, ինչպես տարիներ առաջ զարմացրեց դեռևս նորմալ ինտերնետ կապ չունեցող, տնակներում նվազագույն կենցաղային պայմաններում ապրող երիտասարդների հաջողություններով, ովքեր, վաղվա օրվա հավատով տոգորված, Գյումրիի ապագան կառուցել ցանկացող ուժով էին սնվում ու շնչում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան