Բոտիչելլի երկու նկարները աճուրդում վաճառվել են 1,5 մլն դոլարով
Ֆլորենտացի նկարիչ Սանդրո Բոտիչելլի երկու նկարները աճուրդում վաճառվել են 1,5 մլն դոլարով: «Գազետա.ռու»-ն գրում է, որ վաճառքը տեղի է ունեցել Նյու-Յորքում՝ Sotheby's աճուրդի տանը:
Նկարչի «Հրեշտակի գլուխը» կտավը վաճառվել է 1,09 մլն դոլարով: Ինչպես ենթադրում են փորձագետները, այդ կտավը «Մադոննան նորածնի հետ, Հովհաննես Մկրտիչը և հրեշտակը» նկարի էսքիզն է, որը պահվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում:
Հեղինակի մյուսը նկարը՝ «Քրիստոսի մկրտությունը», վաճառվել է 466 հազար դոլարով: Այն վերջին կես դարի ընթացքում պահվում էր մասնավոր հավաքածուում:
Sotheby's-ում հայտարարել են, որ հին վարպետների աշխատանքների վաճառքներից ստացված ընդհանուր գումարը կազմել է 4.8 մլն դոլար: