Թիվ 147 դպրոցում «Վերջին զանգի» միջոցառումը նվիրված կլինի հերոս Ռոբերտ Աբաջյանին. «Ժամանակ»
Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում «Վերջին զանգի» միջոցառումը հերոսապատումով է փոխարինվել: Հենց այս դպրոցն է ավարտել Արցախի հերոս, 19-ամյա ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, ով ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելու ժամանակ հերոսաբար իր կյանքն է զոհել հանուն հայրենիքի: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Դպրոցին հրաժեշտ տվող 9-ի Ա դասարանում է սովորում նաև Ռոբերտ Աբաջյանի քույրը: Էլեն Աբաջյանը «Վերջին զանգի» միջոցառման ելույթի իր բաժինը բոլորից լավ գիտի, բայց առաջին օրից չի կարողանում մինչև վերջ արտասանել՝ հուզմունքը խեղդում է կոկորդը:
Այս դպրոցը Ռոբերտ Աբաջյանին չի մոռանա: Դպրոցի թիվ 6 դասասենյակը, որտեղ միայն ռազմագիտություն է դասավանդվում, կրում է Ռոբերտի անունը, նրա պատկերի առջև ամեն օր մոմեր են վառվում: Ռոբերտի զինվորական գրքույկն ու անձնագիրը, որը միշտ եղել են նրա զինվորական համազգեստի ծոցագրպանում, իրենց տեղը կգտնեն այս դասասենյակում:
Դպրոցի ուսուցիչները վստահեցնում են, որ այս դպրոցում ոտք դնող յուրաքանչյուր աշակերտ՝ մեծից փոքր հպարտությամբ իմանալու է, որ հենց այս դպրոցում է սովորել Արցախի հերոս, հայ ազգի արժանի զավակ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին