Նժդեհի արձանը մոնումենտալ է՝ բավականին շքեղ, առնական. Երևանի փոխքաղաքապետ
Հանրապետության հրապարակին հարակից տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Նժդեհի արձանը չի տեղադրվում իր անվան հրապարակում, փոխքաղաքապետը պատասխանեց, որ դա ամենաանհարմար տեղն է արձան տեղադրելու համար: «Այդ հրապարակում արձան տեղադրելու տեղ չէ: Այս պահին Նժդեհի արձանի վայրը, կարծում եմ, ընտրված է շատ ճիշտ», -հավելեց Արեյանը:
Նժդեհը, պաշտոնյայի խոսքով, մոնումենտալ արձան է՝ «բավականին շքեղ, առնական»:
«Քանդակագործն իր երևակայությունն է դրել, ընդհանուր կերպարային, բայց այնուամենայնիվ, նմանությունը կա: Մարդիկ կընտելանան, իսկապես: Նժդեհը շատ ավելի գեղեցիկ նկարներ ուներ, ինձ դուր էր գալիս, հատկապես, Նժդեհի շլեմով արձանը, շատ եմ սիրում այդ նկարը, բայց գուցե դա քանդակ չդառնար, ես արվեստագետ չեմ, չգիտեմ, չեմ կարող ասել», -հավելեց Կամո Արեյանը:
Դիտարկմանը, թե մարդկանց կարծիքով, գերեզմանատներում ավելի լավ քանդակներ կան, քան մայրաքաղաքում, Արեյանը արձագանքեց. «Օ, ի սեր Աստծո, եկեք արվեստը չշփոթենք գերեզմանոցային արհեստի հետ: Երբեք չշփոթենք»:
Լրագրողը նկատեց, որ և Բաբաջանյանի, և Նժդեհի արձանները քննադատում են բավականին ծանրակշիռ արվեստագետներ՝ նկարիչներ, ճարտարապետներ, քանդակագործներ, ինչին Արեյանը արձագանքեց, որ արձանների ճակատագիրն է այդպես ու հավելեց. «Ես դեռ չեմ տեսել արձան, որ բոլոր քանդակագործները ծափահարեն, դեռ չեմ տեսել մի կտավ, որ բոլոր նկարիչները ծափահարեն: Այդպես է: Ժամանակը կհաղթահարի ամեն ինչ»:
Հաջորդը Երևանում, մասնավորապես Հրազդան մարզադաշտի մոտ կտեղադրվի Արարատ 73-ի արձանախումբը, և Արեյանի խոսքով, Երևանի ավագանին արդեն իսկ հավանություն է տվել այդ նախագծին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան