«Նոր անուններ» փառատոնն ամբողջապես իրականացնում է իր առաքելությունը. Ա. Ղազարյան
Մայիսի 28-31-ը Երևանում կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից մինչև 18 տարեկան ավելի քան հինգ տասնյակ շնորհալի պատանիներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
««Նոր անուններ» փառատոնն իր գործունեության ողջ ընթացքում մեզ տվել է շատ երաժիշտներ, որոնք այսօր հաջողությամբ ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Վստահաբար կարող ենք ասել, որ փառատոնն ամբողջապես իրականացնում է իր առաքելությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանալ ասաց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
Ծրագրի ղեկավար «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի խոսքով, այս տարի մասնակցության հայտերի աննախադեպ քանակ է եղել և կազմակերպիչները կարևորել են հատկապես սփյուռքահայ տաղանդավոր պատանիների մասնակցությունը:
«Մինչ օրս փառատոնի տարբեր տարիների մասնակիցները հասցրել են Հայաստանի դրոշը ծածանել աշխարհի 30 երկրում, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում: Փառատոնի առաջնահերթ խնդիրը եղել և մնում է երեխաների և պատանիների կատարողական արվեստում բարձր չափանիշների պահպանումը»,-նշեց Սիլվա Մեքինյանը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա. մայիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) և Հարություն Արզումանյանի (Հայաստան) ղեկավարությամբ: Մայիսի 29-ին և 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև մայիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կատարումներով հանդես կգան փառատոնի մասնակիցները:
Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը տեղի կունենա մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմաբովանդակ ծրագիր. այլ երկրներից ժամանած պատանիները կայցելեն տեսարժան վայրեր, կծանոթանան Հայաստանի պատմությանը:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, աջակիցներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան): Փառատոնն անցկացվում է
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: