Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված «Ջրի իդեաթոն» նորարարական մրցույթ է անցկացվելու
ԱՄՆ ՄԶԳ-Ն և գործընկերները կանցկացնեն Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված «Ջրի իդեաթոն» նորարարական մրցույթը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից.
«Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը խոցելի է կլիմայական փոփոխությունների տեսակետից` իր կիսաանապատային հատկանիշների պատճառով: Հայաստանի արժեքավոր ջրի հիմնական օգտագործողներից մեկը` գյուղատնտեսությունը նաև երկրի կարևորագույն ոլորտներից մեկն է: Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը ապահովում է Արարատյան դաշտավայրը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 18 տոկոսը: Վերջին մի քանի տարիների ընթացքում դաշտավայրի ջրօգտագործողների, այդ թվում` տեղի ֆերմաների և ձկնաբուծարանների պատճառով ջրի մակարդակը նվազել է այն աստիճանի, որ 32 համայնքներ, որոնք նախկինում հոսող ջուր են ունեցել, այժմ ստիպված են արտամղել ստորգետնյա ջրերը: Հայաստանն ապագայում կարող է ջրային ռեսուրսների պակաս ունենալ: Ամբողջ տարածաշրջանն այժմ ջրի մարտահրավերի առջև է կանգնած. պահանջարկը շարունակ ավելանում է, մինչդեռ առաջարկը` նվազում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում, որպես Գիտության, տեխնոլոգիայի, նորարարության և համագործակցության (STIP) ծրագրի մի մաս, ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է Հայաստանին կանաչ ճանապարհ ապահովելու համար նորարարական լուծումներ մշակելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ ջրային ոլորտի վերջին նախաձեռնություններից է 24-ժամյա Ջրի իդեաթոնը` գաղափարների մրցույթ, որի միջոցով հայաստանյան և ամերիկյան գործընկերները կխրախուսեն տարբեր տարիքի և կրթության տեղացի տաղանդների նոր մոտեցումներ առաջարկել Հայաստանի ջրային ռեսուրսների մարտահրավերները լուծելու համար։
«Անհրաժեշտ են նորարարական և համատեղ ջանքեր այս խնդիրների վատագույն ազդեցությունը կանխելու և Հայաստանի համար ջրային ռեսուրսների կառավարման կայուն ուղի ապահովելու համար: Մեր հայաստանյան և ամերիկյան գործընկերների, այդ թվում` «Մայքրոսոֆթ»-ի, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի, «Այ-Բի-Էմ»-ի և «Կոկա-Կոլա»-ի հետ իրականացվող այս բացառիկ ծրագրի միջոցով մենք հայաստանցիներին կհրավիրենք կիրառել իրենց գիտելիքն ու հմտությունները` երկրի ջրամատակարարման մարտահրավերները լուծելու նպատակով: Ծրագիրը նաև կօգնի Հայաստանում կարևորել ջրային ռեսուրսների կայուն համակարգի ստեղծումը»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Հունիսի 11-12-ին կայանալիք Իդեաթոնի ընթացքում ընտրված թիմերը կհավաքվեն ԹՈՒՄՈ կենտրոնում և կունենան մոտ 24 ժամ` Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող որևէ կոնկրետ խնդրի լուծում գտնելու համար: 24 ժամ անց թիմերն իրենց գաղափարները կներկայացնեն գնահատող հանձնաժողովին, որը հաղթողներ կընտրի մրցանակային երեք անվանակարգերում: Որոշ թիմեր կդիտարկեն ՏՏ և տվյալների վերլուծության վրա հիմնված լուծումներ: Մյուսները լուծումներ կմշակեն` օգտագործելով հանրային քաղաքականություն, կառավարության բարեփոխումներ, մեդիա նածաձեռնություններ և հանրության հետ աշխատանք: Երրորդ խումբը կդիտարկի ճարտարագիտական լուծումներ` մաթեմատիկայի, դիզայնի և էմպիրիկ վերլուծության հիման վրա: Լրացուցիչ մրցանակ կստանա նաև 14-19 տարեկան երիտասարդներից կազմված` լավագույն գաղափարի հեղինակ խումբը:
Երկուսից չորս անձից բաղկացած խմբերը հրավիրվում են մասնակցել Ջրի իդեաթոնին: ԱՄՆ ՄԶԳ-ն դիմումներ կընդունի մինչև ս.թ. հունիսի 5-ը: Միջոցառման մանրամասները և դիմումի թերթիկը հասանելի են http://tinyurl.com/Water-Ideathon և http://goo.gl/forms/uPbVQ1YcUO հղումներով:
Ջրի իդեաթոնը հայաստանյան և ամերիկյան գործընկերների նախաձեռնությունն է, որը կմոբիլիզացնի տարբեր տարիքի և տարբեր փորձառություն ունեցող տեղացի տաղանդավոր մարդկանց` նոր մոտեցումներ առաջարկել Հայաստանի ջրային ռեսուրսների մարտահրավերները լուծելու համար: 24-ժամյա մրցույթը կազմակերպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը` ԹՈՒՄՈ ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի, Coca-Cola Hellenic Bottling Company Հայաստանի, Impact Hub Երևան, National Instruments, Microsoft Հայաստան-ի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հայկական ընդհանուր բարեգործական միության, IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Unicomp և Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները