Զինվորների մեջ է որդուն փնտրում շարքային Արամայիս Միքայելյանի մայրը
20-ամյա Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանն ամենուր իր տղային է փնտրում, նայում է շրջապատում հավաքված զինվորներին ու իր հերոս տղային է փնտրում:
Փնտրում է …։ Ապրիլի 4-ին Ջաբրայիլում թշնամուն հետ մղելու ընթացքում Արամայիս Միքայելյանը զոհվել է:
«Դիրքերից իջել էր մարտի 31-ին: Տագնապի ժամանակ կրկին բարձրացել էր դիրքեր: Իր ընկերոջ՝ Արամ Աբրահամյանի հետ միաժամանակ նույն խրամատում էին եղել»,- լրագրողների հետ զրույցում պատմում է մայրը:
Լիլիթ Ավագյանը ՀՀ նախագահի նստավայրում էր՝ որդին պարգևատրվում էր հետմահու:
«Բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ և հուզմունք, և ցավ, և խորը կսկիծ, միաժամանակ հպարտություն, որ արժանի զավակ եմ մեծացրել: Այս ցավն իմն է, չգիտեմ՝ կարող եմ հաղթահարել, թե ոչ: Շատ դժվար է: Հոգիս լացում է, կարոտն է խեղդում: Կարոտ, կարոտ…։ Միակ մխիթարանքս երևի սա է, որ հերոս որդի եմ ունեցել՝ գիտակցել է, որ մահվան է գնում»,- ասում է Արամայիս Միքայելյանի մայրը:
Նա հիշեց, որ որդուն ճանապարհելիս ասել է. «Բալես, ցավդ տանեմ, քեզ ճանապարհում եմ, մենակ խնդրում եմ՝ պարտքդ կատարիր փառքով, վերադարձիր անփորձանք»:
«Նա ինստիտուտը թողեց և գնաց բանակ: Մարտական էր տրամադրված: Սակայն…»,- չի կարողանում ավարտել խոսքերը:
Արամայիս Միքայելյանը քանդակագործ էր: Մայրն ուզում է որդու 20-ամյակի առիթով Էջմիածնի Հայորդաց տանը ցուցահանդես կազմակերպել. «Ամեն ինչ անելու եմ տղայիս հիշատակը վառ պահելու համար»:
Մյուս որդին ուզում է բանակ գնալ, սակայն մայր պատրաստ չէ. «Կներեք, բայց պատրաստ չեմ ներկա պահին: Ունեմ մեկ որդի: Պատրաստ չեմ մեկին էլ զոհաբերել»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքն ով է, որ վախենաս՝ մտի տուն, դուռը փակի. Կնոջն ասել էր Արամ Առուշանյանը
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Եթե տղա ծնվի, իր հերոս հայրիկի անունն է կրելու. Պատմում է պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանի կինը
- Սերժ Սարգսյան. Խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով
- Զոհված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան