Թուրքն ով է, որ վախենաս՝ մտի տուն, դուռը փակի. Կնոջն ասել էր Արամ Առուշանյանը
«Լեոնիդ Ազգալդյանն ասում էր՝ «Սա Հայաստան է և վերջ», ամուսինս ասում էր՝ «Սա Ղարաբաղն է և վերջ»: Միշտ ասում էր՝ կյանքս կտամ հայրենիքիս։ ՈՒ այդպես էլ արեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արամ Առուշանյանի կինը՝ Էլլադա Դադանյանը:
4 անչափահաս երեխաների հայր 44-ամյա փոխգնդապետը զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Էլլադան դստեր հետ ՀՀ նախագահի նստավայրում էր՝ ամուսինը պարգևատրվում էր հետմահու:
1990-ականներից ծառայության մեջ էր եղել, հրետանավոր էր:
«Ինչերից ասես, որ չի փրկվել: Որոշ ժամանակ առաջ էր անցել թոշակի, անընդհատ զանգում էին, հարցեր տալիս: Ինքն էր գնում զորամասեր: Ասում էի՝ դու թոշակի ես անցել, ինչ պետք է խոսես, ասում էր՝ դուխ եմ տալիս զինվորներին, իմանան, որ սա իրենց տունն է, հողն է: Ապրիլյան այդ գործողությունների ժամանակ իրեն հետ կանչեցին որպես հին հրետնավոր: Լավ էր հասկանում իր գործից...։
Ցավս ծանր է, բայց որ իր ընտրած մահով է ընկել, մի քիչ ինձ հանգիստ եմ զգում, մեջս ուժ եմ գտնում: Բայց որ մահացած չեմ տեսել, ամբոխի մեջ անընդհատ իրեն եմ փնտրում: Պայթել էր: Դագաղը փակ էր: Որ շատ խնդրեցի, թե բացեք, գոնե տեսնում, ասացին՝ ինչը բացենք, ինչ կա մեջը, որ տեսնես...»,- պատմում է կինը:
Էլլադայի խոսքով, ամուսինը երբեք չէր կտրվում բանակից, միշտ ուշք ու միտքը եղել են զինվորները, ծառայությունը, զորամասերը:
«Երեխուս պետք է անալիզների տանեինք: Երբ ապրիլյան դեպքերը սկսվեցին, մենք պետք է արդեն ճանապարհ ընկնեինք: Ասում էր՝ աղջի, գիտես այստեղ ինչ ընկեր տղաներ են զոհվել, ոնց թողնեմ, գամ: Երեխեն կսպասի: Սպասում ենք…
Ապրիլի 23-ի գիշերն էր: Մարտակերտը հերտակոծում էին: Զանգեցի, ասում եմ՝ Արամ, խփում են: Չգիտեմ՝ չորս երեխուն ոնց գրկեմ: Պատի տակ կանգնել ենք: Հարցնում եմ՝ ի՞նչ անեմ: Ասում է՝ ոչ մի բան, թուրքն ով է, որ վախենաս: Մտի տուն, դուռը փակի: Ասում եմ՝ գնամ հիվանդանոցի նկուղը: Ասում է՝ բան չի լինի, ամոթ չէ՞, ես այստեղ եմ, դու գնաս նկուղները, ման գաս: Արխային մտի տուն, սպասի, կգամ: Սպասում եմ…»:
Լուսանկարում Արամ Առուշանյանի դուստրն է՝ հոր նկարով։
Հարակից հրապարակումներ`
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Եթե տղա ծնվի, իր հերոս հայրիկի անունն է կրելու. Պատմում է պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանի կինը
- Սերժ Սարգսյան. Խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով
- ԼՂՀ առաջնագծում մահացու վիրավորումներ են ստացել երկու զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան