Բակո Սահակյան. Ադրբեջանը բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն` չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից և ոչ մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն իրենց արժանի տեղն զբաղեցրին մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ:
Իր բազմադարյա պատմության ընթացքում հայը բազմիցս է համոզվել, որ անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը և սեփական ուժերին ապավինումը: Դա ցույց տվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ Ադրբեջանը մեկ անգամ ևս փորձ արեց իրականացնել իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն` չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից և ոչ մեկը:
Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ` անել ամեն ինչ, որպեսզի հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը համախմբված ու միասնական աշխատանքն է, համայն հայության ներուժի և յուրաքանչյուրի ջանքերի համադրումը` ի շահ կարևորագույն համազգային խնդիրների լուծման: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ»:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան