Երբ բոլորը «Բարի տնակ»-ում են
Մայիսի 27-ին Երևան Մոլում գտնվող «Բարի տնակում» «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել էր միջոցառում աստղերի և հայտնի մարդկանց մասնակցությամբ, որի նպատակն էր «երջանիկ օր պարգևել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նաև ազդարարել «Բարի տնակ»-ի բացումը»։
«Բարի տնակը բարեգործական նախագիծ է, որը եզակի է իր տեսակով։ Հայ մամաների ջանքերով ստեղծել ենք մի հետաքրքիր վայր, ուր ծնողները կարող են բերել երեխաներին, դրա դիմաց հանգանակել գումար, իսկ հասույթը կուղղվի մանկատանն ապրող հաշմանդամ երեխաներին։ Իսկ ամենակարևորը՝ այդ գումարների մի մասով հաշմանդամություն ունեցող և մանկատանն ապրող երեխաները կստանան անվճար թերապիաներ», - պատմում է «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը։
«Բարի տնակ»-ի՝ նախապես պլանավորած բացումն համընկավ ապրիլյան պատերազմի հետ: Բարի մամաները որոշեցին տեղափոխել բացման օրը: Միջոցառումը հնարավոր դարձավ պարզապես սրտացավ մարդկանց աջակցությամբ։
«Մենք առաջարկեցինք մարդկանց գնել մի նվեր հաշմանդամություն ունեցող փոքրիկի համար և նվիրել այսօր «Բարի տնակում»։ Ուրախ ենք, որ արձագանքեցին նաև ճանաչված մարդիկ՝ Գագիկ Գինոսյանը, Աշոտ Ղազարյանը, Եգոր Գլումովը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշաննա Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Դալիթան, Մարիա Գևորգյանը, Լայանան և շատ ուրիշներ», - նշեց «Բարի մամայի» ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։
«Բարի մաման» հայ մայրիկներից կազմված ցանց է, որի նպատակն է աջակցել մանկատան երեխաներին, կանխարգելել հաշմանդամություն ունեցող նորածինների լքելու գործընթացը հիվանդանոցներում և զարգացնել ներառական մոտեցումները Հայաստանում։
Լուսանկարները տրամադրել է ՀԿ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին