Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործ. Քննադատությունն ինձ չի վախեցնում
Երևանի կենտրոնում՝ Մետրոպոլիտենի «Հանրապետություն» կայարանի հարևանությամբ գտնվող այգում քիչ առաջ հանդիսավոր կերպով բացվեց պետական ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը, վարչապետը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ, քաղաքացիներ:
Մինչ արձանի բացումը Panorama.am-ի հետ զրույցում արձանի քանդակագործ Գագիկ Ստեփանյանն ասաց, որ արձանի համար շատ էսքիզներ է արել:
«Առաջին տարբերակում դրել էի ուժի և գրչի գաղափարը, երկորրդի ժամանակ՝ հավատքի ու հայրենիքի: Ընտրվեց երկրորդ տարբերակը: Դրա համար հիմք էր դարձել Նժդեհի ասույթներից մեկը՝ «Իմ հոգին զույգ հեներան ունի՝ Աստված և հայրենիք»»,-ասաց քանդակագործը:
Նա համարում է, որ արձանն ամբողջականացվել է թե քաղաքական գործչի, թե զորավարի, թեփիլիսոփայի գաղափարներովով, դրա մեջ և ուժ կա, և կամք:
Ինչ վերաբերում է արձանի վերաբերյալ հնչած քննադատություններին, քանդակագործը նշեց.
«Ժողովուրդը մոտենում ու շնորհավորում էին այն աստիճան, որ ես հուզվում էի: Բայց կան մարդիկ, որ ունեն իրենց կարծիքը, քննադատում են, դա ինձ չի վախեցնում»:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, արձանի տեղադրման վայրի վերաբերյալ քննարկումները երկար են տևել:
«Սակայն ըստ իս լավագույն լուծումը եղավ այն, ինչ հիմա ունենք: Գտնում եմ, որ քաղաքի այս հատվածն ավարտուն դարձավ»,-ասաց ճարտարապետը:
Նա կոչ է անում արձանի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց չշտապել. «Հաջողված արձան է, ես գոհ եմ, որ մեր քաղաք նման արձան է մուտք գործում: Թույլ տանք, որ արձանը ժամանակի քննությունը ստանա»:
Գլխավոր ճարտարապետն ասաց, որ Սասունցի Դավիթի, Մայր Հայաստանի արձաններն էլ ամանակին բուռն քննադատության են արժանացել, սակայն հիմա երկուսն էլ սիրված են երևանցիների կողմից:
Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կարծիքով, ինչքան արժանավոր մարդկանց արձանները շատ լինեն մեր քաղաքում, այնքան լավ է, հրաշալի է:
«Սա մեր քաղաքի համար ոչ միայն գեղեցկություն է, այլև պատմություն»,-ասաց վարպետը:
Նժդեհյան գաղափարախոսությունը կրող Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ արձանն ու շրջակա տարածքը կդառնա հայ ժողովրդի, երևանցիների, սփյուռքահայերի ամենասիրելի վայրերից մեկը:
«Սա կոմպլեքս արձան է, որի մեջ ներառված է Նժդեհի գաղափորախոսությունը՝ որպես պետական գործիչ, որպես զինվորական, որպես ուսուցիչ: Նժդեհի մեծությունը կայանում է նրանում, որ նա ինչպես ասել է, այնպես էլ ապրել է»,-ասաց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Նժդեհի արձանը մոնումենտալ է՝ բավականին շքեղ, առնական. Երևանի փոխքաղաքապետ
- Գարեգին Նժդեհ. Չբացված արձանն ու ցանցը հեղեղած կարծիքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին