Մարկեդոնով. Չեմ տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին
Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը:
Մասնակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
«Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»,-ասել է նա:
Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, զարգացած աշխարհը խտրականություն է դրսեւորում Մոսկվայի նկատմամբ, թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարեւանների վրա:
«Սակայն, եթե Արևմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարևան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»,-կարծիք է հայտնել նա:
Բանավեճի մյուս մասնակից, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը նշել է, որ Երևանի հետ հարաբերություններում Մոսկվան անշուշտ գործում է սեփական շահերից ելնելով և դա չպետք է որևէ մեկի համար զարմանալի թվա: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի մոտեցմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Ջոն Էվանսի կարծիքով, Միացյալ Նահանգները փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավում ժողովուրդների միջև:
«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերեւներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանն զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը»,-ասել է նա:
Նախկին դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի:
Ի դեպ, Ջոն Էվանսն ընդգծել է, որ ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու պահանջարկը. «(19)94 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակ ստորագրողներից մեկն էր և միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան