Ապրիլի սկզբին մեր զինվորները մարտնչեցին հաղթանակելու և խաղաղությունը վերահաստատելու անվարան կամքով. Գարեգին Երկրորդ
Այսօր ցավ է բոլորիս համար, որ հերոս զինծառայողներն անձամբ չեն ստանում մարտերում ցուցաբերած արիության համար իրենց շնորհված պարգևները: Սակայն նրանց հոգին, նրանց սխրանքն անմահ է, նրանց փառքը նաև ձերն է` սիրելի ծնողներ,- նախագահական նստավայարում մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևների հանձնման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Խորհրդանշական է, որ հայրենիքի պաշտպան զինծառայողների պարգևաբաշխությունը տեղի է ունենում Հանրապետության տոնին: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ անցյալ դարասկզբին` մեր համազգային պայքարի ու հաղթանակի` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի արդյունքում, որոնք փառապանծ դրվագներից են մեր պատմության և վկայությունը մեր ժողովրդի անսասան հայրենասիրության ու ազգասիրության: Նախնյաց նվիրյալ այս ոգով մեր ժողովրդի զավակները հաղթանակեցին արցախյան ազատամարտում և կերտեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հերոսության բացառիկ դրսևորումով մեր քաջարի զինվորներն ապրիլի սկզբին ետ մղեցին Արցախի սահմանների ողջ երկայնքով ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի զորքերի հարձակումը: Նրանք մարտնչեցին հաղթանակելու և խաղաղությունը վերահաստատելու անվարան կամքով:
Մարտերում նահատակված մեր հերոս զավակներն իրենց ծաղկուն կյանքը, պայծառ երազները պարգևեցին հայրենիքին, հարազատ ժողովրդի ազատ ու ապահով կյանքի պաշտպանությանը:
Դժվարին այդ օրերին մեր ժողովուրդն առավել ամրապնդեց իր համախմբվածությունը և վճռականությունը` հայրենիքը պաշտպանելու, մեր պետականությունը զորացնելու»,- նշեց Գարեգին Երկրորդը:
Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքով, ապրողները հայրենիքի ազատության և խաղաղության համար իրենց կյանքը զոհած զավակների առջև պարտք ունեն` առավել հզորացնելու Հայաստանն ու պետականությունը, առավել արդյունավորելու միասնական ջանքերը հանուն հայ ժողովրդի առաջընթացի ու բարօրության, իրավունքների պաշտպանության:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուրիս հավերժական պարտքն է ծառայել մեր հայրենիքին. Կուրսանտ
- Զինվորների մեջ է որդուն փնտրում շարքային Արամայիս Միքայելյանի մայրը
- Թուրքն ով է, որ վախենաս՝ մտի տուն, դուռը փակի. Կնոջն ասել էր Արամ Առուշանյանը
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Եթե տղա ծնվի, իր հերոս հայրիկի անունն է կրելու. Պատմում է պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանի կինը
- Սերժ Սարգսյան. Խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին