Ավետիսյանների սպանության գործով Ռուսաստանի դեմ 450 հազար եվրոյի քաղհայց է ներկայացվել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով դատական նիստում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ:
Նկատենք, որ քրեական գործով տուժող կողմը իրավունք ունի դատավարության ցանկացած փուլում քաղաքացիական հայց ներկայացնել, և այս դեպքում որոշվել է այն ներկայացնել դատավորի՝ խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ: Այս գործով Կիվիրյանը կներկայացնի տուժողների իրավահաջորդներ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի և Անդրանիկ Պողոսյանի շահերը: Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կիվիրյանը հստակեցրեց, որ քաղաքացիական հայցը ներկայացվել է հենց Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ այդ երկիրը Պերմյակովին զինծառայության ուղարկելու համար չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունները: Քաղաքացիական հայցի շրջանակներում տուժողների իրավահաջորդները ռուսաստանի Դաշնությունից պահանջում են 450 հազար եվրոյին համարժեք դրամ:
Մեր հարցին, թե ինչո՞ւ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի դեմ չի ներկայացվել քաղաքացիական հայցով պահանջ, Կիվիրյանը պատասխանեց, որ դա մի քանի պատճառ ունի:
«Նախ ռուսաստանի Դաշնությունը ժամանակին չի կատարել իր պարտականությունները, եթե ժամանակին ու պատշաճ կատարեր Դաշնությունը իր պարտավորությունները, հնարավոր է այդ սպանությունները տեղի չունենային: Այսինքն՝ Դաշնությունը տեղեկացված լինելով, որ Պերմյակովին արգելված է զենք կրել, որ նա ունեցել է հոգեկան խնդիրներ, ուղարկել է Հայաստան ծառայության», -հավելեց Կիվիրյանը:
Բացի, այդ, ըստ Կիվիրյանի, երբ զինվորական ծառայության ընթացքում Պերմյակովը լքել է զորամասը, հրամանատարությունը ժամանակին չի տեղեկացրել ՀՀ իրավապահներին: «Զորամասի հրամանատարությունը ուներ իրավունք և պարտավոր էր տեղեկացնել Հայաստանի իրավապաներին դասալքության մասին: Բայց նրանք տեղեկացնում են այն ժամանակ, երբ սպանությունները տեղի էին ունեցել», -նկատեց Կիվիրյանը՝ ընդգծելով, որ իրենք հենց ՌԴ-ի դեմ են քաղհայց ներկայացրել նպատակ ունենալով նաև բացառել հետագա նման դեպքերը:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին, քանի որ Ռուսաստանի դեմ հայցը թարգմանվելու է ռուսերեն, ինչը որոշակի ժամանակ է պահանջույմ: «Մեր քաղաքացիական հայցը հիմնավոր է, և կարծում եմ, ենթակա է բավարարման», -մեզ հետ զրույցում հավելեց Կիվիրյանը:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովը դատարանում խոսել է
- Ցուցմունք կտա Պերմյակովը
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
- Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
- Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա