Մաքս Սիվասլյան. Պատերազմի լուսանկարիչը
Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը Մաքս Սիվասլյանը վերցրեց տեսախցիկն ու մեկնեց Արցախ՝ առաջնագիծ: Թեև լուսանկարչին չի հաջողվել առաջնագծում երկար մնալ, բայց այնտեղ արված լուսանկարներում ամփոփված են պատերազմի շատ դրվագներ:
Ապրիլի 5-ին՝ հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո նույնպես շարունակել է լուսանկարել, որպեսզի ներկայացնի պատերազմի և դրանից հետո «խաղաղության» դեմքը. այդ լուսանկարներն այսօր արդեն իսկ պատմություն են դարձել։
Մաքս Սիվասլյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստան է եկել 1992 թվականին՝ լուսանկարելու Արցախյան պատերազմը, երկու տարի մնացել է Արցախում, իսկ հետո արդեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նա «Nouvelles d'Arménie» ամսագրի ֆոտոթղթակիցն է:
1992-ին, երբ Ղարաբաղում վիճակը վատ էր, լուսանկարիչը որոշել է գալ և նկարել պատերազմական գործողություններն՝ ապագայում պատմություն և հիշողություն ունենալու համար: Այն ժամանակ, ինչպես նա է խոստովանում, լրագրողները, լուսանկարիչները քիչ էին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շատ էին և հատկապես կարևոր է, որ Արցախում աշխատում էին արտերկրի լրագրողներ, որոնք, ըստ նրա, միջազգային հանրությանը կներկայացնեն ճիշտ տեղեկատվություն:
Սվասլյանի՝ երկու պատերազմներում արված լուսանկարներում արտացոլված է պատերազմի դաժան դեմքը
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մաքս Սիվասլյանը խոսում է ապրիլյան պատերազմից. «18-20 տարեկան տղաները շատ ուժեղ են, պատրաստ են ամեն ինչի: Զարմանալի է, թե երիտասարդներն ինչպես են նման կռիվ տվել՝ թշնամուն չթողնելով մուտք գործել մեր սահմանները: Սա հերոսություն է: Հիմա շատ ավելի կամավորներ կան սահմանում, որոնք փորձառու են և նրանց ներկայությունից երիտասարդներն ավելի են գոտեպնդվում, բայց ուրիշ է զինվորների ուժը, խիզախությունն ու ոգին: Ես վստահ եմ, որ ադրբեջանցիների համար ապրիլյան քառօրյա պատերազմը լավ դաս է եղել»:
Մի նկարի պատմություն
Այս նկարն արվել է 1993թ-ին, իսկ վիրահատություն անող բժիշկը Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանն է: Մաքս Սիվասլյանը պատմում է. «1993 թվականին էր, երկու լրագրող Արցախ էին եկել սկանդինավյան երկրներից, ցանկանում էին նկարել, թե պատերազմի ժամանակ ինչպես է վիրահատություն կատարվում: Եկանք այն պահին, երբ բժիշկ Մարությանը վիրահատում էր ծանր վիրավորի: Մարությանը թույլ տվեց ընդամենը մի պահ նկարել և դուրս գալ:
Ձմեռ էր, վիրահատական սեղանի մոտ փայտե վառարան էր: Առաջինը ներս մտավ լրագրողներից մեկն ու առանց վիրահատական սեղանին նայելու սկսեց տեսախցիկը հարմարեցնել՝ վիրահատությունը նկարահանելու համար: Նրա հետևից ներս մտա ես. առաջին անգամ էի վիրահատություն տեսնում: Վայրկյաններ անց նկատեցի, որ երիտասարդ լրագրողն արդեն նայելով վիրահատական սեղանին՝ կորցրեց ինքնատիրապետումը…հետո սկսեցին նրան ուշքի բերել: Դուրս եկանք վիրահատարանից, բայց ես հաջողացրի այդ պահը նկարել ու 93-ի այդ նկարն արդեն պատմություն է դարձել»:
Դրվագներ Արցախյան ազատամարտից…
Լուսանկարիչն անընդհատ հիշողություններ էր պատմում անցած և վերջին պատերազմից, համեմատություններ անում: «1992 թվականին չէի կարծում, որ մենք քիչ զենք ունենալով կկարողանանք Շուշին ազատագրել, բայց կարողացանք: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ վստահ էի, որ մենք հաջողության ենք հասնելու»,- ասաց նա:
Նկարիչն այս անգամ եղել է Մարտակերտում, Թալիշում, Եղնիկներում և Մարտունիում:
Մաքս Սիվասլյանի վերջին նկարներում պատերազմն ու խաղաղությունն է: Նկարներից հատկապես առանձնացրեց այս մեկը, որում խտացված է ամբողջ պատերազմը:
Նրա խոսքերով՝ արցախցիները սփյուռքահայերի նման դրամատիկ պատմություն չունեն: Նրանք չեն գաղթել, այլ դարերով մնացել են իրենց հայրենիքում, իրենց սեփական հողի վրա. «Իսկ մենք՝ սփյուռքահայերս, ունենք այդ դրամատիզմը, ջարդը մեր սրտերում է: Արցախցիների արմատները ջարդված չեն, արմատներով կառչած են իրենց հողին և այդ պայքարը բնական է»:
Լուսանկարները՝ Մաքս Սիվասլյանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին