Քիմիական այրվածքներից հետո աչքը կարող է ամբողջովին վերականգնվել. հայ ակնաբույժը ներկայացնում է իր գյուտը
Աչքի քիմիական այրվածքների հետևանքով վնասված եղջերաթաղանթն ու հյուսվածքները հնարավոր կլինի վերականգնել, եթե կյանքի կոչվի հայ գիտնականի էթանոլամին միացության գյուտը: «Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր գյուտը՝ նշեց, որ այն մոտ 10 տարվա իր գիտական աշխատանքի ու հետազոտությունների արդյունքն է:
Ըստ հեղինակի` այն այսօր միակ դեղամիջոցն է աշխարհում, որը քիմիական այրվածքի ժամանակ բուժում և վերականգնում է վնասված հյուսվածքները:
«Դեղամիջոցի կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն ազդում է բջջի գենետիկ կոդի վրա»,- ասաց Մանուկ Մանուկյանը:
Պրոֆեսորի խոսքերով՝ մեխանիկական վնասվածքների ժամանակ հուսվածքները կարող են բազմաթիվ անգամներ վերականգնվել: Այլ է իրավիճակը քիմիական այրվածքների դեպքում:
«Եվ թթվային, եվ հիմնային այրվածքներից հետո բջիջների վերականգնումը դժվար է, քանի որ բջիջները չգիտեն` ինչպես վարվել նման դեպքերում, դրանք ցայտնոտի մեջ են ընկնում: Բջիջը քիմիական այրվածքների ժամանակ չունի մեխանիզմներ, պաշտպանողական լծակներ: Երկարատև աշխատանքից հետո ինձ հաջողվեց ազդել բջջի գենետիկ կոդի վրա, այսինքն` կարողացա քիմիական այրվածքի դեպքում բջջի ֆունկցիաները, հյուսվածքները, եղջերաթաղանթը վերականգնել այնպես, ինչպես կվերականգնվի հյուսվածքը մեխանիկական վնասվածքների ժամանակ»,- ասաց Մանուկ Մանուկյանը:
Նոր դեղամիջոցի արդյունավետությունը պարզելու համար կատարվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` հյուսվածքաբանական, բջջաբանական, հյուսվածքաքիմիական և այլն: Դեղամիջոցը փորձարկել է 300 ճագարների աչքերի վրա:
Մ. Մանուկյանն ասաց, որ դեղամիջոցի համար կատարված ուսումնասիրությունները շատերին են զարմացրել: Դեղամիջոցի բացառիկությունն արդեն հաստատվել է Մոսկվայի՝ ՌԴ ռազմաբժշկական ակադեմիայում, բոլորը փաստաթղթերը, ըստ գիտնականի, ուղարկել է նաև աշխարհի լավագույն կլինիկաներ:
«Արձագանքները տպավորիչ են: Զարմանում են, որ Հայաստանում նման գյուտ են հորինել: Մասնագետները նույնիսկ ասում են, որ այս գյուտի համար Նոբելյան մրցանակ պետք է տալ հեղինակին»,- ասաց Մանուկ Մանուկյանը:
Էթանոլամին միացության գյուտի հեղինակը կարծում է, որ եթե իր գյուտն ընդունվի, ապա այն այն կարող է նույնիսկ հեղափոխություն անել ակնաբուժության ոլորտում:
Գյուտի հեղինակը նշեց, որ պարբերաբար դիմել է տարբեր ատյաններ՝ ՀՀ կառավարություն, առողջապահության, պաշտպանության նախարարություններ, որպեսզի դեղամիջոցի արտադրությունը կազմակերպելու համար ծրագիր կազմեն, սակայն պատասխանել են, որ գումար չկա, որպեսզի այն կյանքի կոչեն:
Մանուկ Մանուկյանի խոսքերով՝ եթե պետությունը ներդրումներ անի և դեղամիջոցն արտադրի, ապա այն միլիոնների օգուտ կարող է բերել մեր երկրին:
«Դեղամիջոցի հետ կապված բոլոր փորձարկումները կատարել եմ սեփական միջոցներով և ավելին անելու հնարավորություն չունեմ: Իսկապես ցավ եմ ապրում, որ չեմ կարողանում այն կյանքի կոչել: Ի վերջո դրանից կօգտվի և ներդրողը, և պետությունը, և մարդկությունը»,- նշեց նա:
Նա անդրադարձավ դեղամիջոցի կարևորությանը՝ հատկապես պատերազմական իրավիճակում:
«Ապրիլյան պատերազմից հետո ավելի լուրջ պետք է ուշադրություն դարձնել այդ դեղամիջոցին»,- ասաց Մանուկ Մանուկյանը՝ հավելելով, որ վերջին պատերազմից հետո ուզում է նորից դիմել տարբեր ատյաններ, սակայն վախենում է, որ նորից իրեն կմերժեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում