ԼՂՀ վարչապետ. Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները երեկ Արցախում էին: Վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, այս այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն է և արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին:
«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»,-ասել է ԼՂՀ վարչապետը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարևորել է հայ բարեգործների պարբերական այցելությունները Արցախ` հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նա հիմնադրամի ներկայացուցիչների անունից Արցախին միշտ աջակցելու և հայրենանպաստ ծրագրերի իրագործման պատրաստակամություն է հայտնել: