Ա. Իսկանդարյան. 2016թ-ի էսկալացիան իր վրա կրում է 2015 թ-ի բավական լուրջ սրացման հետևանքը
2015 թվականը Հայաստանի համար հետաքրքիր և կարևոր տարի էր թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության տեսանկյունից: «Կովկասի ինստիտուտ»-ի կազմակերպած «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովում Հայաստանին նվիրված իր ելույթում այս մասին նշեց «Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետն իր ելույթում անդրադարձավ 2015 թվականին Հայաստանում և Հայաստանի շուրջ կատարված ներքին ու արտաքին քաղաքական կարևոր իրադարձություններին: Ըստ քաղաքագետի, քաղաքական տարին սկսվեց հունվարի 2-ին, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵԱՏՄ-ին:
Անդրադառնալով այս կառույցում Հայաստանի անդամակցությանն ընդդիմախոսների և կողմնակիցների նկատառումներին՝ քաղաքագետը նշեց, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությանն դեմ հանդես եկողներն առաջ էին քաշում տնտեսական այն բարդությունները, որոնք ի հայտ են եկել միության անդամ երկրներում կապված այն աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որը ծագել է Արևմուտք-Ռուսաստան բախման հետևանքով:
Իսկանդարյանի խոսքով, իրենց հերթին միության անդամակցության կողմնակիցները նշում էին, որ տնտեսական բարդությունները շատ ավելի խորը կլինեին, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին: Իր խոսքում քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով ԵԱՏՄ-ն մեծամասամբ քաղաքական կառույց է և մեծ հաշվով ոչ տնտեսական է և ոչ էլ միություն:
2015 թվականի արտաքին քաղաքական իրադարձություններից քաղաքագետն առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցին նվիրված միջացառումները՝ դրանց շարքում առանձնահատուկ կարևորելով Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմի մատուցված պատարագը և դրան հաջորդած ելույթը:
Ըստ քաղաքագետի, պապն իր ելույթով և ցեղասպանություն եզրույթի օգտագործմամբ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմությունից տեղափոխեց առհասարակ ցեղասպանությունների, քրիստոնյաների և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունների տիրույթ:
Քաղաքագետն, առանձնացնելով 2015 թ-ին ԼՂՀ հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունները, նշեց, որ 2016թ-ի էսկալացիան իր վրա կրում է 2015 թ-ի բավական լուրջ սրացման հետևանքները այն առումով, որ 2015թ-ին հակամարտության գոտում սկսեց կիրառվել ծանր զինատեսակներ և անգամ տանկեր:
Արտաքին քաղաքական տարին, ըստ քաղաքագետի, ավարտվեց դեկտեմբերի 7-ին, երբ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ մեկնարկում է ՀՀ-ԵՄ բանակցությունների նոր փուլը, ինչն, ըստ քաղաքագետի, վկայում է այն մասին, որ Եվրոպան սկսել է ընկալել քաղաքական իրողությունները և պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման՝ առանց տնտեսական հատվածի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան