Կատարված գործի մասին խոսեք, տեսլականների համար պետք չէ խոսել. Նկատողություն Արծվիկ Մինասյանին
«Պարոն Մինասյան, ձեր պրոֆեսիոնալիզմի վրա կասկած չունենք: Ես ձեզ խնդրում եմ, դուք էլ մեր պրոֆեսիոնալիզմի վրա չկասկածեք: Կատարված գործի մասին խոսեք, տեսլականների համար պետք չէ խոսել, թե ինչ եք անելու, ցավդ տանեմ», -այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, երբ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր ոլորտում 2015-ին կատարված աշխատանքը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ նախարար Մինասյանը հստակ չներկայացրեց Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գրասենյակի գործունեության գնահատականները, տվյալները:
Մինասյանի ներկայացմամբ, Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի վարկային միջոցներն հիմնականում՝ 94 տոկոս, ուղղվել են մարզեր, բայց կան խնդիրներ գնահատման տեսանկյունից:
«ՓՄՁ-ների առանձին վիճակագրական հաշվառման աշխատանքներ չեն իրականացվում, ինչի արդյունքում թվերը, փաստորեն, կարող են խեղաթյուրվել: Կարիք կա նոր մոտեցումներ որդեգրելու, եթե հնարավոր չէ Ազգային վիճակագրական ծառայության մեխանիզմների միջոցով հասնել, պետք է օգտագործել հնարավոր տարբերակները, հաշվառման համակարգ ներդնելու համար, որ տեսնենք, հասկանանք՝ որքան է ՓՄՁ-ների աշխատանքը»,- ասաց նա՝ նկատելով, որ այդուհանդերձ կխուսափի ներկայացնել, թե փոքր և միջին ի ձեռնարկատիրական սուբյեկտները ՀՆԱ-ի որքան տոկոսն են ապահովում:
Նիստը վարող ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վրդովվեց և նկատեց, որ ավելի լավ կլինի Արծվիկ Մինասյանը կոնկրետ ու հստակ խոսի թեմայի շուրջ: