Արմանի տրամադրությունը բացվել է, սկսել է նորմալ սնվել. Համբուրգ տեղափոխված զինվորի հայր
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան իրադարձությունների ժամանակ ծանր վիրավորված զինծառայող Արման Լազգիյանը ծնողների հետ արդեն երեք օր է Համբուրգում է և բուժումը շարունակում է տեղի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը տեղեկացրեց, որ որդին իրեն լավ է զգում, սկսել է բնական ճանապարհով սնվել:
«Առաջին օրը Արմանը տեղափոխվեց կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մեկ օր մնալուց հետո, ինտենսիվ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել: Հիմա արդեն պալատում է», -փոխանցեց Միքայելը:
Արմանը ծանր վիրավորումը, բացի ողնաշարից ու որովայնից, ստացել էր նաև կերակրափողի վրա: Ավելի վաղ հայրը ներկայացնելով խնդիրը ասել էր «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»:
Այստեղ՝ Հայաստանում բուժումն ստանալու ժամանակ զինծառայողը կերակրափողով չի սնվել, քանի որ համարվել է, որ կերակրափողի վրա անցք կա և պետք է պլաստիկ վիրահատության ենթարկել: Սակայն, Միքայելի փոխանցմամբ, հետզոտության արդյունքում պարզվել է, որ կերակրափողը 99 տոկոսով վերականգնվել է բնական ճանապարհով և հնարավոր է սնունդ ընդունել, բայց քիչ-քիչ:
«Արդեն թույլ են տվել բերանով կերակրվել, մանր ծամելով ու որքան հնարավոր է, հեղուկ վիճակում լինի ուտելիքը: Որևէ վիրահատական միջամտություն չի կատարվել, կերակրափողի անցքը, մեզ ասացին, որ 99 տոկոսով փակվել է: Շաբաթ օրը այստեղ պրոֆեսորները հավաքվեցին ու մեկ անգամ էլ շեշտեցին, որ Հայաստանի բժիշկները, որ վեց վիրահատությունն արել են, շատ արտակարգ ու բարձր որակի են արել ու որևէ հետևանք չեն թողել», -ներկայացրեց Միքայել Լազգիյանը:
Զինծառայողի հոր փոխանցմամբ, թոքերի հատվածում, տասներկումատյա աղիի մեջ տեղադրված խողովակները հանել են և իրականացվում է օրգանների խնամք: Նախատեսվում է հանել նաև շնչափողի խողովակը:
«Այսօր-վաղը կմիանան նաև ողնաշարի մասնագետները և կպարզվեն հենաշարժողական համակարգի հետ կապված հետագա անելիքները», -հավելեց Միքայել Լազգիյանը:
Արմանը, նրա փոխանցմամբ, այս օրերին բարձր տրամադրություն ունի, շփվում է իրենց հետ, բայց դեռ չի խոսում:
«Տրամադրությունը բացվել է, դե 50 օր հաց չէր կերել, թույլ են տվել, առաջին օրը բոլորս ուզում էինք մի բան ուտացնել, բայց բժիշկները ասացին, որ պետք չի այդպես միանգամից, պետք է աստիճանաբար սնվել», -ուրախ ասաց Միքայելը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ
- Մարտական դիրքերում վիրավորված Արման Լազգիյանին վիրահատել են, արտերկիր տեղափոխումը կհետաձգվի
- Զինծառայող Արման Լազգիյանը շուտով կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին