«Պըլը Պուղի»-ն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում է
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր տեղի կունենա դրամատուրգ Արարատ Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ներկայացման բեմադրիչն է Գայանե Բարսեղյանը /ԱՄՆ/:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բեմադրիչի հետ վաղուց էին նախապատրաստվում այս ներկայացմանը:
«Շատ հետաքրքիր պիես է: Մեր թատրոններում լավ է խաղացվել այս պիեսը»,- նշեց նա՝ հավելելով, որ ռեժիսորը հետաքրքիր աշխատանք է կատարել:
Բեմանկարիչն է Տաթև Հովհաննիսյանը, պարերի բեմադրիչը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը: Դերերում հանդես են գալիս Ավո Խալաթյանը, Բորիս Պեպանյանը, Սաթիկ Հախնազարյանը, Մարիամ Գրիգորյանը, Աշոտ Հակոբյանը, Արթուր Կարապետյանը, Վարուժան Մանուկյանը, Արթուր Գեղամյանը, Արմեն Գասպարյանը և այլք:
Հ. . Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տարբեր տարիներին արդեն երկու անգամ բեմադրվել է «Պըլը Պուղի»-ն: Պիեսը դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ Արարատ Բարսեղյանը գրել է 1962 թվականին:
Ներկայացումը կրկին թատրոնի բեմում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հերոսական կոմեդիայի միջոցով ևս մեկ անգամ հանրությանը հիշեցվելու է Արցախի պատմության, օտարերկրյա զավթիչների դեմ ժողովրդի պայքարի, նրա նիստուկացի, հումորի, երգ ու պարի, պատմական Մազրայի ու Շուշիի մասին: Դրամատուրգը զվարճաբան Պըլը Պուղու միջոցով ներկայացնում է Ղարաբաղի քաղցր լեզուն, հայ մելիքներին, որոնք իրական պատմական կերպարներ են:
Պըլը Պուղին (բառացի՝ խենթ-Պողոս) ղարաբաղցի զվարճախոս-առակախոս է։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի, եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղի հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մ․Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղիու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլբանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան, Սերո Խանզադյանը)։ Տպագրվել են նաև Պըլը Պուղիու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ։ Պըլը-Պուղու զվարճախոսությունների հիմքի վրա Արարատ Բարսեղյանը գրել է չորս գործողությամբ հերոսական կոմեդիա, իսկ 1991 թվականից Ստեփանակերտում հրատարակվում է «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսը, որտեղ տպագրվում են մեծ զվարճախոսի հետ կապված պատմությունները, ինչպես նաև երգիծական տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։ Պըլը-Պուղու զվարճախոսություններն արցախյան ժողովրդական բանահյուսության ժանրերից է, որի ամենաբնորոշ գիծն է անարդարն ու դավաճանությունը խարազանելը: