Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի
Այսօր Ազգային ժողովում մենաշնորհի դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենշանրորհ տրվի: Բայց մինչ այդ նկատեց, որ վստահ ՝ իր այս հայտարարությունը քննադատությունների տեղիք կտա:
«Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- իր հայտարարությունը հիմնավորեց նախարար Մինասյանը:
Լրագրողի հարցին, թե այսինքն կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնել այն, ինչն այսօր անօրինական ճանապարհով կատարվում է, Մինասյանը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»:
Կառավարության ներկայացուցիչը մատնանշեց Շվեյցարիայի օրինակը՝ այստեղ աղ արդյունահանող ձեռնարկությանը տրվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով: Նրա խոսքով, դա նույնպես մասնավոր ընկերություն է, օրենքով տվել են իրավունք, նույնը կարող է լինել նաև Հայաստանում:
«Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այն ոլորտները, որոնք տեղական արտադրություն են, պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն և տնտեսական մեծ արդյունք են տալիս, արդյոք ճի՞շտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞ այնուամենայնիվ հանրային շահն այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները կարգավորվեն՝ թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ»,-հավելեց պաշտոնյան:
Նկատենք, որ շաքարավազ արտադրող գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան