Ինչպիսին էր 2015թ-ը Ադբեջանի համար. փորձագետ
2015թ-ը Ադրբեջանի համար վայրիվերումների և տագնապի տարի էր: Կովկաս ինստիտուտի կողմից կազմակերպված «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի շրջանակներում, անդրադառնալով նախորդ տարում Ադրբեջանում ծավալված ներքին և արտաքին գործընթացներին, այսպես գնահատեց անցնող տարին ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ բանախոսի` պաշտոնական Բաքուն տարիներ ի վեր ի լուր աշխարհի հայտարարում էր, որ Ադրբեջանը տարածաշրջանում ամենակայուն երկիրն է և այս տեսանկյունից շահեկանորեն տարբերվում է Հայաստանից և Վրաստանից: Այնինչ 2015թ-ին ծավալված իրադարձությունները պարզորոշ վկայեցին, որ այդ կայունության հիմքերը սասանվել են: Այս առումով փորձագետն առանձնացրեց տարվա ընթացքում ադրբեջանակն արժույթի` մանաթի երկու մեծ արժեզրկումները, ինչպես նաև` նավթի գների անկման հետևանքով երկրում ի հայտ եկած տնտեսական դժվարությունները:
Փորձագետի կարծիքով` 2015թ-ն Ադրբեջանի համրա նաև առանձնացավ Արևմուտքի հետ հարաբերությունների նշանակալի վատթարացմամբ: Սերգեյ Մարկեդոնովը շեշտեց նաև, որ տարիներ շարունակ Ադրբեջանն առաջնորդվում էր «նավթ` ժողովրդավարության փոխարեն» սկզբունքով, և այդ առումով Բաքվի ռեժիմը մեծ մասամբ խուսափում էր Արևմուտքի քննադատությունից: Արդյունքում ըստ քաղաքագետի` Բաքվի ռեժիմը չէր քննադատվում այն պարագայում, երբ «չէր փայլում» ժողովրդավարությամբ: Սակայն 2015թ-ին Արևմուտքը թողեց իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, իսկ քննադատությունը սկսեց կրել ուղիղ և առարկայական բնույթ: Որոշակիորեն դրա արձագանք, ըստ քաղաքագետի` կարելի է համարել այն, որ ԵԽԽՎ-ն հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը:
Ըստ փորձագետի` 2015թ-ին Ադրբեջանում նոր թափ առան լրագրողների և այլախոհների նկատմամբ բռնաճնշումները, ինչի արդյունքում սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարնն ընդունեց կոշտ բանաձև, որում առաջարկեց որոշակի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: