Բաներ կան, որ այստեղից չեմ կարող ասել. Արծվիկ Մինասյանը՝ ավիատոմսերի գների մասին
Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ անցնում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը: Այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ պատգամավորի, այդ ոլորտում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ավելին, վիճակը վատացել է՝ խոշոր ավիաընկերությունները հեռացան, տոմսերի գները թանկացան:
«Դա հայտարարվեց իմիտացիայի համար, որպեսզի երևա, որ ավիացիան ավիրվել է», -նշեց Քոքոբելյանը՝ ընդգծելով, որ պատերազմող երկիրն այսօր չունի ազգային փոխադրող:
Ավիացիայի ավիրվածության մասին Քոքոբելյանի դիտարկումները վրդովեցրին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, և նա հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ որպես ընդդիմադիր՝ դուք պետք է ամեն ինչ ավերվածության ներքո ներկայացնեք, ես ինքս ընդդիմադիր եմ եղել: Մի քիչ չափելի գնահատականներ տվեք, ավերվածության չափման քանակը ո՞րն է»:
Մինասյանի խոսքով, եթե համեմատության մեջ ենք դնում օդանավակայանների գները մեկ օդանավի սպասարկման հաշվով, ստացվում է, որ Երևանում այդ գներն ավելի էժան են, քան Թբիլիսիում և Բաքվում: «Երբ չեք տիրապետում այդ թվերին, կարող եք հայտարարել, բայց ես կուղարկեմ ձեզ այդ թվերը»,- ասաց նախարարը:
Այդուհանդերձ Քոքոբելյանն իր արձագանքման ժամանակ բաատրեց, թե ինչ նկատի ուներ «ավերվածություն» ասելով.
«Ավերավածություն ասելով՝ ես նկատի ունի, որ այսօր Հայաստանից կարևոր ուղղություններով թռիչքների ճակատագիրն անորոշ է: Կարող է մի խաղացող մտնի ու մյուսներին դուրս մղի դաշտից: Վրաստանից եվրոպական ուղղություններով թռիչքներն ավելի էժան են, քան Երևանից: Ավերավածություն ասելով հո նկատի չունե՞մ, որ օդանավակայանը քանդվել է»:
Էկոնոմիկայի դաշնակցական նախարարը Թբիլիսիից ավիատոմսերի գների էժանության մասին դիտարկմանն արձագանքելիս հորդորեց չմոռանալ տարածաշրջանային զարգացումները:
«Բաներ կան, որ այստեղից չեմ կարող ասել: Զարգացման տեղ ունենք, դա փաստ է, բայց դրա մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չէ հաստատ»,- նկատեց կառավարության ներկայացուցիչը: