Սիլիկոնային հովտում կանցկացվի «Հայաստան-ՏՏ» ֆորումը
«ԱրմԹեք»-ի շրջանակում հունիսի 10-ին Սիլիկոնային հովտում անցկացվելու է «Հայաստան. ՏՏ» ֆորումը, որի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, ինչպես նաև նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ասաց, որ ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն հայկական «ստարտափների» զարգացմանը վերաբերող հարցեր, կներկայացվեն հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների առաջխաղացումը աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում, կքննարկվեն նաև կրթական հարցեր: Ըստ նրա՝ ֆորումին մասնակցելու են ոլորտը ներկայացնող հինգ ստարտափեր:
Էմիլ Տարասյանը հայտնեց, որ նախորդ տարիներին «Արմթեք»-ի շրջանակներում բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել: Կազմակերպիչներն այս տարի ևս նախատեսում են նմանատիպ հուշագրերի ստորագրում, որոնք հիմք կհանդիսանան հետագայում Հայաստանում նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այս տարի համաժողովն անցկացվելու է «Սինոփսիս» ընկերությունում, որի ներկայացուցչությունը Հայաստանում ամենամեծ ՏՏ կազմակերպությունն է:
Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհի համար այն կարևոր երկրներից մեկն է, որտեղ կան ՏՏ ընկերություններ, որոնք աշխարհի քարտեզում գրավում են առաջատար դիրքեր և դա է հիմնական պատճառը, որ «ԱրմԹեք»-ում հատուկ շեշտադրում է արվել ՏՏ ոլորտի զարգացմանը:
Բացի այդ, ֆորումի շրջանակներում քննարկվելու է աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում, հայկական կազմակերպությունների առաջխաղացման, ինչպես նաև կրթական խնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես, թե ինչ ուղղությամբ պետք է տանել Հայաստանի մրցակցային առավելություններից մեկի` մարդկային ռեսուրսի զարգացումը: Համաժողովին հատուկ ուշադրություն է հատկացվելու նորաստեղծ ընկերությունների զարգացման հարցին, լինելու են այդպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պոտենցիալ ներդրողներին կներկայացնեն իրենց ծրագրերը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը հայտնեց, որ սովորաբար Սիլիկոնային հովտում անցկացվող միջոցառումները հայկական ընկերություների համար արդյունավետ են եղել:
«Իմ կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է նոր թռիչքի ՏՏ բնագավառում և շատ կարևոր է այդ թռիչքում ներառել Սիլիկոնային հովտի հնարավորությունները: Կարծում եմ, որ սա լինելու է կարևոր և բարեփոխումներին ուղղված միջոցառում»,-ասաց նա՝ հավելելով, որ համաժողովին ներկայացնելու են իրենց նոր նախաձեռնություններից մեկը` Երևանում տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքերով՝ նմանատիպ միջոցառումներին մասնակցելն ինքնանպատակ չէ, քանի որ ասելիք կա: Այս տարի էլ, ըստ նրա, կրթության բաղադրիչի մասին են խոսելու:
Մասնավորապես, ներկայացնելու են ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության հինգ ավագ դպրոցներում մեկնարկած ծրագրի մասին, որով «Միկրոէլեկտրոնիկա»-ն, «Հեռահաղորդակցություն»-ն ու «տեղեկատվական տեխնոլոգիաներ»-ը պարտադիր առարկա են դարձել: Նրա խոսքով` շախմատից հետո դա կարող է լինել աշխարհում հայկական երկրորդ ֆենոմենը:
Նշենք որ միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ, մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:
Միջոցառումն իրականացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան