Աշուղ Ջիվանու տուն-թանգարանն առաջիկայում կբացի իր դռները
Այցելուների առաջ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նախատեսված տուն-թանգարանն իր դռները կբացի այս տարվա ամռանը՝ նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք javakhq.info կայքից:
«Ի սկզբանե նախատեսել էինք տուն-թանգարանի ամբողջական վերականգնում, սակայն ոլորտի մասնագետները առաջարկեցին նախ անել բացումը, ցուցադրել արդեն հավաքագրված նյութերն ու իրերը, ապա անընդհատ դրանք համալրել։ Այս տարի նախատեսվում է ցուցասրահի բացումը, որտեղ լուսանկարների տեսքով ներկայացված կլինի Ջիվանու կյանքը և ստեղծագործական ուղին»,- տեղեկացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ձեռնամուխ է եղել Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում աշուղի տուն–թանգարանի ստեղծմանը: Ըստ աղբյուրի, Ջիվանու տուն-թանգարանի ստեղծումը խիստ արդիական է, և ի դեմս այս կենտրոնի՝ ջավախահայության ու համայն հայության համար կստեղծվի ևս մեկ հոգևոր-մշակութային հաստատություն:
Աշոտ Հակոբյանն ասել է, որ տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները կոորդինացնելու նպատակով ստեղծվել է համապատասխան թիմ, որտեղ ընդգրկվել են մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետներ։
«Աշխատանքի բաժանում է կատարվել, և յուրաքանչյուրն իր մասով աշխատանքներ է տանում։ Մեկը Ջիվանու կենսագրությունն է նորովի ուսումնասիրում, բացահայտում չբացահայտված էջերը, գրի առնում հետաքրքիր դրվագներ, մյուսը զբաղվում է Ջիվանու թողած ժառանգության հավաքագրմամբ, մյուսներն էլ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ, կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը»,-պատմել է Աշոտ Հակոբյանը և հավելել, որ զուգահեռ ընթանում են նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքները։
2015 թվականի հուլիսին «Ջիվանական օր» տոնակատարության շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը:
Գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հունիսի 8-ին կկայան նաև բարեգործական ճաշկերույթ՝ մեծն Ջիվանու 170-ամյակին նվիրված, որի ընթացքում կհնչեն սիրված հայրենասիրական և աշուղական երգեր ճանաչված կատարողների և խմբերի կողմից: Ճաշկերույթից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի կառուցմանը:
Ջիվանու տուն-թանգարանի աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է նաև ջավախահայ երիտասարդներից կազմված խումբ, որքեր կամավորական հիմունքներով պատրաստ են օգնել կազմակերպչական և այլ աշխատանքներ իրականացնելու գործում։
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, (1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին. հարազատ միջավայրում աշուղին ընդունում են առանձնահատուկ ջերմությամբ: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Համարվում է, որ Ջիվանիով հայացել է հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս». աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվել են արևելյան ելևէջներից:
Լուսանկարները՝ javakhq.info-ից: