Հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողն է դրդում նրան զբաղվել մուրացկանությամբ. Նելլի Դուրյան
Այս տարվա առաջին երեք ամիսներում Հայաստանում մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել,- ասուլիսում ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ նրա, բավական մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել է միչգերատեսչական աշխատանքային խումբ, արդյունքում այսօր Երևանում գրեթե ցուցանիշ չունեն:
Ն.Դուրյանի խոսքով, մուրացկանությամբ զբաղվող երեխաները բոլոր գրանցված էին դպրոցներում, որոնք հիմնականում դասերից հետո էին սկսում զբաղվել մուրացկանությամբ:
«Այս հարցը քննարկվեց, Երևանի քաղաքապետարանի հետ համալիր աշխատանք կատարվեց, քանի որ հիմնական դեպքերը Երևանում էին գրանցվել»,- նշեց նա:
Ն.Դուրյանի խոսքով, մուրացկանության դեպքեր հանդիպել են նաև Վանաձորում, Գյումրիում: Կան մարզեր, օրինակ Վայոց Ձորը, գրեթե մուրացկանությամբ զբաղվող երեխաներ չկան:
«Այստեղ ես շատ կարևորում եմ համայնքի ուշադրությունը: Կարևոր է, որ մեր համայնքները գիտակցեն, որ երեխաներն իրենցն են, պետք է պատասխան տան յուրաքանչյուր երեխայի համար»,- ասաց ոստիկանության գնդապետը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մուրացկանությամբ զբաղվելու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, Ն. Դուրյանն ասաց. «Այդքան էլ համամիտ չեմ այդ կարծիքին: Այդպես վիրավորում ենք մեր այն ընտանքիներին, ովքեր գտվում են սոցիալական ծանր վիճակում, բայց նրանց երեխաները չեն զբաղվում մուրացկանությամբ: Այստեղ ծնողի պարագան է շատ կարևոր: Մեր կողմից հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում: Այս դեպքում մենք դժվար ենք աշխատում, որովհետև ծնողը մեր կողքին չէ: Իսկ այն երեխան, ով ինքն է փողոցում հայտվել, միանշանակ հեշտ է աշխատելը, քանի որ ծնողն է սկսում աշխատել նրա հետ, դեմն առնել, չի թողնում, որ փողոցում հայտնվի»:
Նա ներկայացրեց մի կնոջ պատմություն, ով Ստեփանավանում տուն ունի, բայց երեխայի հետ գալիս է Երևան և զբաղվում մուրացկանությամբ: Թեև այդ կնոջն աշխատանք է առաջարկվել, սակայն նա հրաժարվել է:
«Մենք շատ ենք ունենում դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են աշխատանքից: Ըստ իրենց, մուրացկանությունն գումար աշխատելու ավելի հեշտ ձև է»,- ասաց նա՝ հորդորելով բոլորին՝ մուրացկանությամբ զբաղող երեխաներ տեսնելիս, անմիջապես դիմել համապատասխան ծառայություններ, ոստիկանություն:
Ասուլիսին ներկա ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասաց, որ այս հարցում շատ կարևոր է հանրության վերաբերմունքը. «Երբ անցնում եք ու ձեռք մեկնածին 100 դրամ եք տալիս, որովհետև նա հացի կարիք ունի, ամեն անգամ տալով ամրապնդում եք փողոցում մնալու նրան ցանկությունը: Երբ տեսնում եք մուրացկանությամբ զբաղվող երեխա, լուծումն այն չէ՝ գումար տալ և առաջ գնալ՝ մոռանալով երեխային, այլ դիմել համապատասխան մարմին»:
Նելլի Դուրյանը նաև ասաց, որ այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 34 դեպք. «Հիմնականում դեպքերը վերաբերում են 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալուն: Այս դեպքերի մեծն մասն ավարտվում են ամուսնությամբ: Նման դեպքեր հատկապես գրանցվում են Գեղարքունիքում, Շիրակում»:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան ոչ բարենպաստ մթնոլորտում ապրող երեխաները վարքային լուրջ դժվարություններ են ունենում. Միրա Անտոնյան
- Ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերն աճել են. Ն. Դուրյան