Ընտանեկան ոչ բարենպաստ մթնոլորտում ապրող երեխաները վարքային լուրջ դժվարություններ են ունենում. Միրա Անտոնյան
Վերջին շրջանում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մանկատներում տեղավորելու բավական աճ է նկատվում, -լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Իդա Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ աշխատանք են տանում դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ:
«Եթե հնարավոր չէ երեխային պահել ընտանիքում, ապա հանձնում ենք պետության խնամքին, սակայն միաժամանակ սկսում ենք աշխատել ընտանիքի հետ, որպեսզի երեխային հետ վերադարձնենք ընտանիք»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով, տարվա ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված 100-ից ավելի երեխայի ու նրա ընտանիքի հետ են աշխատում՝ մատուցելով վերականգնողական ծառայություն, օգնելով թե երեխային, թե ընտանիքին, որպեսզի մթնոլորտն առողջանա, երեխան վերադառնա ընտանիք:
«2015 թվականին մեզ մոտ ապաստանել է 200 երեխա: Այս տարվա առաջին կեսին մենք Հայաստանի տարբեր տարածքներից ընդունել ենք ավելի քան 80 երեխայի»,- ասաց նա:
Ըստ Մ. Անտոնյանի, իրենց մոտ են գալիս առավել ծանր վիճակում հայտնված երեխաներ, որոնց 60 տոկոսից ավելին տարի և ավելի երկար ժամանակ կրթությունից դուրս են մնացել. «Երեխաներ ունենք 13-16 տարեկան, որ մեկ օր անգամ դպրոց չեն հաճախել, տարբեր հանգամանքների պատճառով դուրս են մնացել կրթական ոլորտից»:
Նա նաև ասաց, որ գնալով շատանում է այն երեխաների թիվը, որոնց ծնողներն ունեն հոգեկան առողջական խնդիրներ:
«Մեր երկրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծնողների համար չկան վերականգնողական, աջակցող ծառայություններ: Այս բացը պետք է լրացնել՝ այդպես լավացնելով նաև երեխաների վիճակը»,-նշեց ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրենը:
Նա տեղեկացրեց, որ իրենց մոտ եղած երեխաների մի մասը տուն չունեն, ապրում են ժամանակավոր կացարաններում, որոնք դժվար է բնակարան անվանել:
«Մեզ մոտ են գալիս երեխաներ, որոնք մեծանում են երկարատև զրկանքների մեջ, պատճառն աղքատությունն է, ընտանիքում ոչ բարենպաստ մթնոլորտը, ընտանիքի անդամի կողմից ալկոհոլի չարաշահումը: Երեխաների ներկայությամբ տեղի են ունենում երևույթներ, որոնք մեծերը չպետք է թույլ տան: Այս ամենն ազդում են երեխաների, հատկապես դեռահասության շրջանում գտնվող և հատկապես աղջիկների վրա: Վարքային լուրջ դժվարություններ ունեցող երեխաների հետ ենք գործ ունենում: Լինում են երեխաներ, ովքեր չեն ուզում վերադառնալ ընտանիք, որովհետև նրանց հաճելի չէ գտնվել տանը: Փողոցը նրանց կուլ է տալիս, ներգրավվում են ոչ ցանկալի միջավայրում»,-ասաց Միրա Անտոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան