Իրանի ՊՆ. Հալեպն ամբողջությամբ կազատագրվի
Հալեպն ամբողջությամբ կազատագրվի,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մասնավորապես նշել է. «Քանի որ Հալեպը ռազմավարական կարևոր դիրք ունի, թե՛ Սիրիայի կառավարական ուժերը և թե՛ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումները ջանքեր են գործադրում, որպեսզի քաղաքն անցի իրենց վերահսկողության տակ: Կառավարական ուժերի գործադրած ջանքերի շնորհիվ Աստծո կամոք Հալեպն ամբողջովին կազատագրվի»:
Հավելենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, օրերս անդրադառնալով սիրիական խնդրին, մասնավորապես նշել էր. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը 4 տարի շարունակ չպայքարեր ծայրահեղական խմբավորումների դեմ, ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այսօր Սիրիայում իշխանություն ձևավորած կլիներ, իսկ այդ պարագայում նույնիսկ Լիբանանում քրիստոնյաները, սուննիներն ու շիաները կգտնվեին Դամասկոսի ազդեցության գոտում»:
Ավելի վաղ Էմամ Հոսեյնի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար Մորթազա Սաֆարին, անդրադառնալով Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող օգնությանը, մասնավորապես նշել էր. «Շուրջ մեկ տարի առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 100 ռազմական խորհրդատու գործուղվեց Սիրիա և Իրաք: Երկու-երեք ամիս անց նրանց մի մասը վերադարձավ, իսկ որոշները՝ զոհվեցին կամ վիրավորվեցին: Սակայն անհրաժեշտությունից ելնելով՝ իրանցի ռազմական խորհրդատուների մի մասը մնացել է այնտեղ՝ շարունակելու իր առաքելությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան