Մենաշնորհը սկսվում է սահմանից. մասնագետ
Մենաշնորհներն առավել խոցելի են փոքր և միջին բիզնեսի համար: Այս մասին այսօր «Տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ վերջին շրջանում մենաշնորհների մասին շատ է խոսվում որպես գերակա խնդիր, արդեն կա հակամենաշնորհային քայլեր ձեռնարկելու հանձնարարական, էկոնոմիկայի նախարարությունը սկսել է բազմաթիվ քննարկումներ ու ուսումնասիրություններ իրականացնել գործարարներ հետ` պարզելու, թե ինչ ծրագրեր են պետք:
Գևորգ Պողոսյանը նշեց, որ այդ քննարկումների արդյունքում բացահայտվել է, որ մենաշնորհային դաշտը սկսում է ձևավորվել հենց սահմանից՝ երբ գործարարները, հատկապես` փոքր բիզնեսը, չեն կարողանում հավասար պայմաններով և հավասար ընթացակարգով իրականացնել ներմուծում, այնպես, ինչպես խոշոր ներմուծողները:
«Խոշոր բիզնեսն ինչ-ինչ պատճառներով որոշակի արտոնյալ դիրք ունի մաքսային սահմանում: Եւ եթե փոքր բիզնեսը կարողանա հավասար ընթացակարգով ներմուծել, ինչպես ներմուծում են խոշոր ներկրողները, կսկսի ձևավորվել բնական մենաշնորհ, քանի որ մեծաքանակ ներմուծումը, բնականաբար, ավելի ձեռնտու է, քան փոքրաքանակը:Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բնական ձևով չի ձևավորվում այդ մենաշնորհը, սահմանին կա մեծ չարիք` հսկիչ գների հիման վրա իրականացվող ներմուծումը, որի բարդ ընթացակարգով է ստիպված լինում անցնել փոքր բիզնեսը` վճարելով ավելի շատ հարկեր ու տուրքեր, մաքսավճարներ: Շատ դեպքերում էլ, խուսափելով նման բարդ ընթացակարգից, ստիպված են լինում դիմել այնպիսի ծառայությունների, ինչպիսին է կարգո ներմուծումը: Այստեղ էլ փոքր բիզնեսն ընկնում է խնդիրների հաջորդ փուլ, երբ չի ունենում փաստաթուղթ»,- նշեց Գևորգ Պողոսյանը:
Բացի այդ, ըստ նրա, ապրանքների որոշակի ցանկ կա, որոնք ՓՄՁ-ները չեն կարողանում ներմուծել, քանի որ դրանք ներկրում են այս կամ այն գործարարը: Այս խնդիրն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ սահմանված են շատ բարձր մաքսային վճարներ ու հարկեր այդ ապրանքների համար, որոնք ներմուծվում են որոշակի անձանց կողմից, ուստի ՓՄՁ-ն մեխանիկորեն չի կարողանում ներմուծել այդ ապրանքը` չկարողանալով շուկայում մրցունակ լինել:
«Բազմիցս խոսվել է այն մասին, որ որոշակի ապրանքներ ներմուծվում են այլ ապրանքների անվան տակ, ինչի արդյունքում ունենում ենք ոչ միայն խեղաթյուրված վիճակագրություն, այլ նաև ինքնարժեքից ցածր արժեքով ներմուծված ապրանքներ: Արդյունքում, ունենում ենք անհավասար պայմաններ ու մրցակցություն»,- նշեց Գևորգ Պողոսյանը:
Սակայն ՓՄՁ-ների խնդիրն այսքանով չի վերջանում: Ըստ նրա՝ ՓՄՁ-ների 80 տոկոսը Հայաստանում զբաղված է առևտրով, մինչդեռ Երևանում, այդ թվում՝ բնակելի հատվածներում, պարբերաբար բացվում են հիպերմարկետներ, որոնք իրենց առկայությամբ խոչընդոտում են ՓՄՁ-ների աշխատանքներին, ինչի արդյունքում բնակելի թաղամասերում գտնվող փոքր խանութները փակվում են և չեն կարողանում աշխատել:
«Իրականում քաղաքականությունն այնպես պետք է տարվի, որ հիպերմարկետները լինեն ոչ բնակելի հատվածներում, իսկ բնակելի հատվածներում կարողանանք ունենալ փոքր խանութներ, կրպակներ, ՓՄՁ դաշտում գործող սուպերմարկետներ: Բնականաբար, խոշոր ներկրողները հիմնականում խոշոր հիպերմարկետների սեփականատերերն են, և այդ շղթան էլ ավելի բարդանում է առօրյա գործունեության մեջ, քանի որ նրանք սկսում են իրենց կանոնները թելադրել այն ՓՄՁ-ներին, որոնք փորձում են մատակարար հանդիսանալ սուպերմարկետների համար»,- ասաց Գևորգ Պողոսյանը: