ՀՀ-ն շատ մեծ առաջընթաց է ապրել ազատ մրցակցության ոլորտում և բարձրացրել իր վարկանիշը. Պյոտր Սվիտալսկի
Ազատ մրցակցությունն է, որ պետք է նպաստի տնտեսության զարգացմանը: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային և սահմանադրաիրավական վերլուծություն» թեմայով կոնֆերանսին ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, որ Հայաստանի ղեկավարները տարբեր հայտարարություններում, զեկույցներում նշել են, որ շահագրգռված են Հայաստանում շարունակել տնտեսական բարեփոխումները, վերջերս վարչապետը հայտարարել է, որ շահագրգռված են հետամուտ լինել ստեղծելու մրցակցային բիզնես միջավայր:
«Այն քաղաքական ուղղությունները, որոնք նշվել են էկոնոմիկայի նախարարի կողմից, ուրվագծում են Հայաստանի տնտեսության զարգացման ճիշտ ուղիները»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ ներկայացուցիչներն իրենց համեստ ներդրումով, ամուր կամքով ուզում են աջակցել Հայաստանի կառավարությանն այս գործընթացներում:
Ըստ ԵՄ պաշտոնյանի, Հայաստանում լավ բիզնես միջավայր ստեղծելու համար ՏՄՊՊՀ մոդելը մեծ դեր ունի անելու: Պյոտր Սվիտալսկու խոսքով, որոշ ժամանակ առաջ ԵՄ-ն թվինինգ ծրագիր է իրականացրել, որի նպատակն էր ուսումնասիրել, խորհուրդներ, հանձնարարականներ տալ հանձնաժողովին աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Հանձնարարականներից մեկը, նրա խոսքով, այն է, որ հանձնաժողովը կարողանա առանց հայտարարելու, տեղյակ պահելու սկսել քննություն, ուսումնասիրություն:
«Մեր մոտեցումն այն է, որ ցանկացած երկրում տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմինը պետք է լինի հզոր, ամուր իր որոշումների, գործունեության մեջ»,- ընդգծեց նա:
Պյոտր Սվիտալսկին խոսեց նաև օրենսդրական դաշտի մասին:
«Հայաստանը շատ է տուժում, որովհետև նրա վրա փակցված է այն իմիջը, թե Հայաստանում կան մինի մենաշնորհներ: Այս պիտակը ճիշտ է, թե ոչ, չեմ կարող դատել, բայց վերջին տարիների ընթացքում Հայաստանը շատ մեծ առաջընթաց է ապրել ազատ մրցակցության ոլորտում և բարձրացրել իր վարկանիշը: Բայց այսօր այդ պիտակից ձերբազատվելու համար Հայաստանին անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկու խոսքով, ձեռնարկով քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է առաջ ընթանալ, ազատ, գործնական միջավայր ստեղծել ոչ միայն հենց հայ գործարարների համար, այլ նաև ներգրավել օտարերյա ներդրումներ: Ըստ նրա, կառավարությունը պետք է լայն երկխոսություն ծավալի բիզնես համայնքի հետ:
«Որպես Եվրամիություն, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած աջակցության այս գործընթացն ավելի արագացնելու համար»,- ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: