Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն. Իրանի արդարադատության նախարար
Վիճակագրական տվյալները վկայում են ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների կողմից կատարված և ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների դինամիկ նվազման մասին: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադիի հետ հանդիպման ժամանակ:
Գլխավոր դատախազության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ կողմերն առանձնացրել են Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հաշվի առնելով երկու երկրների օրենսդրություների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, դետալային և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար:
Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադին այսօր հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են:
Փուրմոհամմադիի խոսքով էլ՝ Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և Իրանը հետևողական է երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու և սերտացնելու հարցում: