Հայկական ազգանունով երեխային երկիր մուտք գործելն արգելելը հայատյացության դրսևորում է. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական ազգանունով 8-ամյա երեխայի մուտքը արգելելու փաստի կապակցությամբ:
«Մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ:
Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:
Կոչ եմ անում մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին և ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական: Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է:
Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում», -ասված է Պաշտպանի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում