Արտակ Զեյնալյան. ՏՄՊՊՀ-ն որևէ առնչություն չունի ազատ տնտեսական մրցակցության հետ
«Մրցակցության հետ կապված մենք ունենք լուրջ խնդիրներ: Ըստ էության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր բովանդակությամբ, բնույթով վերածվել է գների վերահսկման մարմնի, որևէ առնչություն, աղերս չունի ազատ տնտեսական մրցակցության հետ»,- «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային և սահմանադրաիրավական վերլուծություն» թեմայով կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ կոնֆերանսի շրջանակներում բանախոսներ Արա Ղազարյանը, Արտակ Զեյնալյանը, Արամ Օրբելյանը և Ռուստամ Բադասյանը ներկայացրեցին իրականացված հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա օրենսդրական և իրավակիրառական խնդիրներին: Քննարկվեցին տնտեսական մրցակցության ապահովման գործընթացների արդյունավետության բարձրացման, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերի և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը հարցերը, խնդիրներին լուծումներ տալու հնարավորությունները:
Ըստ Ա. Զեյնալյանի, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ունի տնտեսական մրցակցությունը պաշտպանելու գործառույթներ, դրա համար ոչ միայն պետք է միջամտի մասնավոր անձանց գործունեությանը, այլ նաև մասնավոր անձանց գործունեությանը խոչընդոտող պետական պաշտոնատար անձանց, մարմինների գործունեությանը:
«Սակայն հիմնադրման օրվանից ի վեր այս մարմինը որևէ վարույթ չի հարուցել պետական պաշտոնատար անձանց նկատմամբ, պետական մարմինների կայացրած որոշումները չի քննարկել, քննադատել, վերլուծել: Մեզ չի հաջողվել գտնել նման որևէ ակտ»,- ասաց իրավապաշտպանը:
Ա. Զեյնալյանը նշեց, որ իրենց ուսումնասիրության շրջանակում նաև բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել: Նախ և առաջ, նա ընդգծեց, որ հանձնաժողովի գործունեությունն առավելապես պետք է ուղղված լինի պետական մարմիններին:
Կոնֆերանսին ներկա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ երկար տարիներին այս ոլորտը համարվել է մի կողմից խիստ կարևոր, մյուս կողմից խոցելի:
«Վերջին ժամանակահատվածում հատկապես սրվել է այս հարցը՝ պայմանավորված Հայաստանում տնտեսական զարգացումներում գերիշխող կամ կենտրոնացվածության բարձր աստիճան ունեցող շուկաներում քաղաքականության նոր գործիքակազմի կիրառման անհրաժեշտությամբ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, այսօրվա գործող օրենսդրության շրջանակներում էկոնոմիկայի նախարարությունն է այս ոլորտում քաղաքականության մշակող, շուկաներում ուսումնասիրության, դիտարկումներ իրականացնող, խնդիրներ բացահայտող պատասխանատու կառույցը: Ա.Մինասյանն ընդգծեց, որ իրենք այս լիազորությունը մտադիր են իրականացնել ամբողջ ծավալով, և որ ամենակարևորն է՝ ամենայն պատասխանատվությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն շատ մեծ առաջընթաց է ապրել ազատ մրցակցության ոլորտում և բարձրացրել իր վարկանիշը. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին