Մեր երկրում թույլ կողմը հասարակական վայրերում ծխախոտի օգտագործումն է. Ա. Բազարչյան
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
Ամեն տարի ծխախոտի շրջանառությունը նվազեցնելու համար նոր գործիքներ, նոր մեսիջներ են ուղղվում, այս տարի այն վերաբերում է ծխախոտի տուփերի փաթեթավորմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
«Առաջարկվում է ծխախոտի տուփը դարձնել այնպիսին, որ այն չպարունակի որևիցե գովազդային տարր, միայն նշվի ծխախոտի ապրանքատեսակի անվանումը և առողջապահական հայտարարությունը, չունենա նույնիսկ գունային տարբերություններ: Դա արդեն կիրառվում է Ավստրալիայում, լայնորեն քննարկման փուլում է Միացյալ թագավորությունում»,-նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի ծխախոտի օգտագործման վիճակագրությանը՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ այս տարի անց են կացրել նոր հետազոտություն, որի համաձայն ՀՀ-ում մեծահասակների շրջանում վիճակագրությունը շեշտակի չի փոփոխվել. «Տասնվեց տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսն է ծխող: Մի փոքր տեղաշարջ է կատարվել տարիքային խմբերի մեջ: Դրական տենդենցը նրանում է, որ 40-50 տարեկան տղամարդկանց մոտ ծխախոտից հրաժարվել է նկատվում, դա պայմանավորված է նրանով, որ այդ տարքիում առողջական խնդիրների առաջացման հետևանքով մարդիկ թողնում են ծխելը»:
Ինչ վերաբերում է կանանց՝ նա նշեց, որ Երևանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 7-8 տոկոսի, իսկ մարզերում՝ 3 տոկոս, ինչը վկայում է, որ Հայաստանը ծխախոտի օգտագործման առումով տղամարդկանց շրջանում բարձր տարածվածություն ունեցող երկրների շարքում է. «Դեռահասների շրջանում նույնպես հարաբերական ավելի լավ է, քան հարևան երկրների մոտ: Բայց չենք կարող բնականաբար հանգիստ լինել, քանի որ երեխաների 6 տոկոսը ծխում է»:
Մասնագետի խոսքով՝ մեր երկրում թույլ կողմը հասարակական վայրերում ծխախոտի օգտագործումն է, չնայած դրան՝ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ երկրորդական ծխի ազդեցությանը ենթարկվում են ոչ այնքան հասարակական վայրերում, որքան սեփական բնակարաններում, եթե տանը կա անգամ մեկ ծխող:
Ըստ նրա՝ կիրառել որևիցե օրենսդրություն, որը կարգելի մարդկանց իրենց սեփական տանը ծխել, գրեթե անհնար է:
Հայաստանում ծխախոտի տուփի փաթեթավորման քաղաքականության հետ կապված Բազարչյանը հայտնեց, որ լինելով ԵԱՏՄ անդամ, ընդհանուր քաղաքականություն է վարվելու և մոտ ապագայում Հայաստանի տուփերը ևս կմակնանշվեն այնպես, ինչպես ԵԱՏՄ երկրներում:
Ծխախոտի որակին վերաբերող լրագրողներին հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Առողջապահական տեսակետից իրականում տարբերություն չկա, որակով և անորակ ծխախոտ գոյություն չունի: Նիկոտինը բացի կախվածությունից առաջացնում է բավականին շատ հիվանդություններ՝ քաղցկեղ, ոչ վարակիչ հիվանդություններ, երեխաների մոտ՝ ասթմա»:
Վերջում բանախոսը հավելեց, որ ծխելը թողնելու մեթոդները երկուսն են՝ ծխախոտը պարզապես թողնելը և դեղամիջոցով թողնելը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում