Բյուրականցիները թույլ չտվեցին քանդել եկեղեցու բարեկարգած պարիսպն ու տաղավարը
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այսօր լարված իրավիճակ էր: Մի քանի տասնյակ գյուղացիներ իրենց երեխաների հետ հավաքվել են գյուղի եկեղեցու մոտ, իրենց խոսքով` եկեղեցին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակցից ու դատարանի որոշումից պաշտպանելու համար:
Գյուղացիները սեփական միջոցներով բարեկարգել են եկեղեցու տարածքը, շրջապատում եղած քարերը շարել են իրար վրա, առանց ցեխի պարիսպ կառուցել, դրսում տաղավար տեղադրել, աղբյուր սարքել:
«Ջուրը բերեցին, որ եկեղեցի մտնողը դուրս գա, ամառվա շոգին, տոթին ջուր խմի, գնա: Էս դուռն էլ դրեցինք, որ անասունները չմտնեն: Նախիջևանում ասում են, խաչքարերի տարածքում անասուներ են մտնում, կեղտոտում, այստեղ էլ նույն վիճակն է: Մենք պետության ու ձեր գործն ենք արել»,-բարկացած պատմեց գյուղացիներից մեկը:
Գյուղացիների խոսքով, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ աշխատակից Տարոն Մանուկյանը դիմել է դատարան, դատարանն էլ որոշում է կայացրել, որ գյուղացիների սարքածները ենթակա են քանդման:
«Տաղավարը պիտի քանդվի»,-գյուղացիների հետ զրույցում ասաց ՊՈԱԿ աշխատակից Տարոն Մանուկյանը:
Նրա ասածին գյուղացիները միահամուռ արձագանքեցին՝ բացառվում է, չի լինելու:
«Մեր կնանիքը եկել են, ըստեղի զիբիլը հավաքել են, հիմա դուք եկել, ի՞նչ եք ասում: Ոչ բիզնես պլան ունենք, ոչ էլ շահադիտական նպատակներ ունենք»,-ասաց Բյուրականի բնակիչներից մեկը:
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մանուկյանն ասաց, որ բարեկարգման աշխատանքները որոշակի խախտումներով են իրականացվել:
«Տաղավարը կառուցվել է, ջրագիծը տարվել է հուշարձանի տարածքում: Առաջին խախտումը հենց այդտեղից է գալիս, հուշարձանի տարածքում առանց համաձայնության կատարվել են նման գործողություններ»,-ասաց Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցը:
Եկեղեցու տարածք այսօր այցեցլիեցին նաև ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցներն ու ոստիկանության աշխատակիցները:
«Լավ բան եք արել, ո՞վ կարա բան ասի: Տեսնում ենք, որ բիզնես կենտրոն չի: Կատարման թերթ են ստացել տղաները»,-արձագանքեց ոստիկանության աշխատակիցը:
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նկարահանեցին տարածքը, արձանագրություն կազմեցին ու հեռացան: Նրանց հետ հեռացան նաև Բյուրականի բնակիչները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում