Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանին Գերմանիայում բուժելու համար ամբողջ գումարը հավաքվել է
Ապրիլյան մարտերի ժամանակ ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի հետագա բուժումը Գերմանիայում շարունակելու համար Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է տրամադրել պահանջվող շուրջ 43 հազար եվրո գումարը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի ավագանու անդամ, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը:
«Նրան են ներկայացրել կլինիկայի պահանջած գումարը՝ ըստ կարիքների, և բանկային հաշվի քաղվածքը, թե որքան գումար կա Ռուբենի համար բացված հաշվեհամարում: Նախարարն ասել է, որ տարբերությունը, որքան գումար պակասում է, ամբողջությամբ կտրամադրի», -տեղեկացրեց տիկին Բախշյանը, որը հետևում է վիրավոր զինծառայողների բուժման կազմակերպման գործընթացին:
Նա ընդգծեց, որ Ռուբեն Առաքելյանի բուժման գործում մեծ ներդրում ունի նաև Հայաստանի վարչապետը. «Շուրջ 20 հազար եվրո էլ վարչապետն է տրամադրել»:
Այդուհանդերձ, տիկին Բախշյանը տարօրինակ է համարում այն, որ վիրավոր զինծառայողների բուժումը արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին օրենքը ընդունվեց, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անձնական միջոցներն են տրամադրում զինծառայողների բուժման համար:
«Բայց օրենքում կա մի կետ, որի համաձայն նշվում է՝ եթե Հայաստանում բուժումը հնարավոր չէ կազմակերպել, բայց այստեղ պնդում են, որ կարող են կազմակերպել, հետևաբար կարիք չկա Ռուբենին տեղափոխելու: Բայց բոլորն էլ, նաև պաշտոնյաները, շատ լավ գիտեն, որ անշուշտ, Գերմանիայում բժշկությունը շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանում», -հավելեց տիկին Բախշյանը:
Այժմ, ըստ Բախշյանի, հերթը առողջապահության նախարարությանն է՝ դեսպանատան միջոցով զինծառայողի տեղափոխումը արագ կազմակերպելու համար:
«Ռուբենի մայրն էլ շատ դեպրեսիվ վիճակում է, բայց երբ իմացավ, շատ ուրախացավ: Մեկ օր շուտ Ռուբենը պետք է գնա, հասնի այնտեղ, կլինիկա, ու համոզված եմ, որ դրական արդյունքներ կտեսնենք», -հավելեց մեր զրուցակիցը:
Ռուբենին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.
ՎՏԲ բանկ. AMD 16041036866800
USD 16041036866801
EUR 16041036866802
RUR 16041036866803
Ստացող՝ Անահիտ Մկրտչյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան