Արցախում վիրավորված զինծառայողները դեռևս շարունակում են բուժում ստանալ հոսպիտալում
Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից 68-ը դեռևս շարունակում են բուժում ստանալ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նրանցից 38-ին բուժման ավարտից հետո տրամադրվել է վերականգնողական արձակուրդ. վերադառնալուց հետո նրանք կմեկնեն զորամասեր՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը:
Արտաշես Խաչատրյանի խոսքերով՝ վերակենդանացման բաժանմունքում դեռևս գտնվում են երեք զինծառայողներ, որոնց առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց դրական դինամիկայով: Նրանք, ըստ հոսպիտալի փոխտնօրենի, երկարատև բուժման կարիք ունեն, հետագայում բուժումը շարունակելու նպատակով զինվորները կտեղափոխվեն վերականգնողական կենտրոններ:
Նշենք, որ ծանր վիրավորներից մեկը Հովհաննես Պողոսյանն է, ով հրազենային վիրավորում էր ստացել մայիսի 13-ին հակառակորդի կողմից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
«Հովհաննեսի վիճակը ծայրահեղ ծանր էր, կարելի է ասել, որ նրա վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին, ապրելու քիչ շանսեր կային, բայց փառք Աստծո, ամեն ինչ արվել է, այսօր նրան ծայրահեղ վիճակից հանել ենք ու այժմ վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ նույնիսկ կա շարժողական, զգացողական էլեմենտներ: Հույս ունենք, որ այդ դրական դինամիկան կշարունակվի»,- նշեց Արտաշես Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմի ընթացքում զինծառայողները հիմնականում բեկորային վիրավորում են ստացել, բազմաթիվ ծանր և ծայրահեղ վիրավորներ են տեղափոխվել հոսպիտալներ: Ա.Խաչատրյանի խոսքերով՝ մարտական գործողությունների առաջին իսկ օրերից ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված բուժծառայության արդյունքում հնարավոր է եղել փրկել հոսպիտալ տեղափոխված բոլոր վիրավորների կյանքը, թեև, ըստ բժշկական օրենքների, նրանց ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
«Առաջնագծում մեր բժիշկները ճիշտ բժշկական օգնություն են ցույց տվել, անմիջապես կազմակերպվել է վիրավորների էվակուացիան, որի շնորհիվ հետագա մասնագիտական խորը միջամտությունն ավելի արդյունավետ է եղել: Դա կարող էր լինել միայն առաջնագծում ճիշտ կազմակերպված բուժօգնության դեպքում»,- ընդգծեց Արտաշես Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան