Գերմանիայի պատգամավորները սպառնալից նամակներ են ստանում ցեղասպանության բանաձևի հետ կապված
Գերմանիայում թուրքական համայնքի կողմից սպառնալիքներով լի հազարավոր նամակներ են ուղարկվել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ կապված։
Գերմանիայում գործող 500-ից ավել թուրքական կազմակերպություններ ևս սպառնալից նամակներ են ուղարկել ինչպես պատգամավորներին, այնպես էլ թեման լուսաբանող լրագրողներին, հայտնում է գերմանական Spiegel Online-ը։
Թուրքիայի քաղաքացիները ևս սպառնում են սոցիալական լրատվամիջոցներով։
Որոշ նամակներ անգամ անցել են սահմանագիծը և սպառնացել քաղաքական գործիչների և լրագրողների կյանքին։
Գերմանիայի խորհրդարանի Կանաչների կուսակցության ղեկավար, թուրքական ծագում ունեցող Ջեմ Օզդեմիրն այն պատգամավորներից է, ով ստացել է սպառնալից նամակներ էլ-փոստով, թվիթերով և ֆեյսբուքով։
«Մշտապես նույն արտահայտությունները՝ «դավաճան», «հայ ահաբեկիչ» և անգամ «նացիստ»»,- ARD-ին ասել է Օզդեմիրը։
Թեման լուսաբանող լրագրողներին ուղղված սպառնալիքներում ասվում է․«Ձեզ կվերացնենք», «Ձեր ճակատագիրը կլինի Հրանտ Դինքի նման»։
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ևս Գերմանիային զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կվնասի երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերություններին։
Նշենք, որ բանաձևի քվեարկությունը նախատեսված է վաղը՝ հունիսի 2-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին