Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են. փաստաբան
Ինչքան էլ ընտանեկան իրավահարաբերությունները օրենսդրորեն կարգավորված լինեն, մեծ բաժինն ընկնում է ընտանիքի անդամների բարոյական փոխհարաբերությունների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Ըստ նրա, ընտանեկան հարաբերությունների, երեխաների պաշտպանության ոլորտները շատ նուրբ են, կտրուկ լուծումներ չպետք է տալ, կտրուկ պահանջներ չպետք է ներկայացնել: Միաժամանակ փաստաբանը հավելեց, որ ընտանեկան, երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են, սակայն պրակտիկ կիրառության մեջ արդեն խնդիրներ են ծագում:
«Քաղաքացիական դատավարության մեջ բացթողումներն անմիջական ազդեցություն են ունենում ընտանեկան հարաբերությունների վրա»,- ասաց փաստաբանը:
Մ. Ֆարմանյանը խոսեց ալիմենտի բռնագանձնման պահանջի, տեսակցության նշանակման հետ կապված հարցերում բացերի մասին: Նա նշեց, որ բավականին երկար ձգձգվող դատական նիստերի պատճառով ալիմենտի բռնագանձնման պահանջին երկար ժամանակ լուծում չի տրվում:
«Հայցվորը դիմում է դատարանը: Նիստերը երկար ժամանակ ձգձգվում են, քանի որ դատարանները խայտառակ ծանրաբեռնված են: Կինը, ով վատ հարաբերություններ ունի ամուսնու հետ, ալիմենտի բռնագանձնման պահանջ է ներկայացնում՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակ անց այդ ալիմնետը կտրվի, կկարողանա իր երեխայի կարիքները հոգալ, սակայն դատական նիստերը նշանակվում են ուշ-ուշ: Այդ ընթացում առկախ է մնում, թե ինչպես պետք է երեխայի կարիքները հոգալ, ինչպես պետք է երեխան սնվի»,- ասաց նա:
Տեսակցությունների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջնում կրկին դատարանների ծանրաբեռնվածության հետևանքով:
«Հայցվորը դիմում է դատարան, մի քանի տարի չի կարողանում տեսնել երեխային: Այս վիճակը բարոյահոգեբանական վատ ազդեցություն է թողնում երկու կողմի վրա էլ»,- նշեց Մ. Ֆարմանյանը:
Ըստ փաստաբանի, վերջերս հաճախ է հանդիպում դեպքերի, որ դատական ձգձգումների պատճառով դատական վեճերը տեղափոխվում են առօրյա, երբ ծնողները հենց երեխայի ներկայությամբ սկսում են վիճել:
«Մի տարածքում ծնողները չեն կարողանում հինգ րոպե հանգիստ խոսել: Այդ վիճակն ազդում է երեխայի վրա: Այս վիճակը ես համարում եմ երեխայի նկատմամբ ծնողների կողմից բռնության տեսակ, քանի որ ծնողներն իրենց վարքագծով ազդում են երեխայի հոգեբանության վրա»,- ասաց Մ. Ֆարմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին