Քննիչի սխալի պատճառով է Շուշանիկ Բախշյանի գործը հետ ուղարկվել դատախազին. Դատախազություն
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Բալայանը մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձրել է մեղադրող դատախազին, քանի որ դրանում մի շարք թերություններ է գտել:
Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Panorama.am-ին ներկայացրեց դատավոր Բալայանի որոշման պատճենը, որտեղ նշվում է, որ քրեական գործով նախաքննություն իրականացրած Քննչական կոմիտեի քննիչը մեղադրական եզրակացությունը կազմելիս չի պահպանել Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Իսկ դրանք մեծ մասամբ տեխնիկական բնույթի են, որոնք թույլ է տվել նախաքննությունն իրականացրած քննիչը:
Մասնավորապես, ըստ դատավորի որոշման, քննիչը չի պահպանել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 271 հոդվածի 1-ին մասի պահանջը.
«Մեղադրական եզրակացությանը կցվում են իրեղեն ապացույցների և դրանց գտնվելու տեղի, քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, դատական ծախսերի, խափանման միջոցների մասին քննիչի տեղեկանքները` նշելով անձի` կալանքի տակ գտնվելու ժամկետը»: Ըստ դատավորի, չի կատարվել նաև 271 հոդվածի 2-րդ մասը, այսինքն՝ տեղեկանքում չի նշվում դատական ծախսերի մասին: Բացի այդ բացակայում է քրեական գործ նյութերի մի քանի թերթերի համարակալումը քրեական գործի 2-րդ հատորում:
Ըստ նույն որոշման, մայիսի 16-ին քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատելիս գործով վերահսկողություն իրականացնող դատախազը արձանագրել է, որ մեղադրական եզրակացությունը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270 և 271 հոդվածներով սահմանված պահանջներին:
«Նման պայմաններում գտնում եմ, որ կազմված մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270 և 271 հոդվածում նշված մեղադրական եզրակացությանն առաջադրվող պահանջներին, իսկ դատախազն ստուգելով մեղադրական եզրակացությամբ ստացված գործը, ուշադրություն չի դարձրել սույն որոշման մեջ նշված թերությունների վրա և միջոցներ չի ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ, ուստի քրեական գործը նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի ուժով ենթակա է վերադարձման մեղադրողին՝ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար», -նշված է դատարանի որոշման մեջ:
«Այն, որ իրավական առումով գործը գործ չէր, դա վաղուց էր հայտնի: Բայց որ նաև թղթեր կազմել չգիտեն ու էդ խելքով մարդ են ուզում դատեն, դա արդեն կրկեսի է նմանվում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին ասացին, որ քննիչը դատակոչի ցուցակում վկաների հասցեները սխալ է գրել, և դատավորը գործը հետ է ուղարկել՝ սխալներն ուղղելու համար:
«Քննիչի թույլ տված սխալի պատճառով է գործը հետ ուղարկվել: Կշտկվի և նորից կուղարկվի դատարան», -փոխանցեցին լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ հղի Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ. Բախշյանին և Ա. Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ»:
Հարակից հրապարակումներ`
- Շուշանիկ Բախշյանի վերաբերյալ քրեական գործը դատարանը վերադարձրել է մեղադրողին
- Շուշանիկ Բախշյանի և նրա գործընկերուհու գործով նախաքննությունն ավարտվել է
- Շուշանիկ Բախշյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը
- Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանի խափանման միջոցի մասին որոշումը
- Շուշանիկ Բախշյանի մոտ երկկողմանի թոքաբորբ ախտորոշումը չի հաստատվել. Փաստաբան
- Չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում. մանրամասներ Շուշանիկ Բախշյանի գործից
- Քննիչը դատարանի միջանցքներում որոշումներ չի կայացնում. ՔԿ-ն արձագանքում է Շուշանիկ Բախշյանի փաստաբանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան